Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասը հյուրընկալվելու է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին

Մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր Կառլոս Ռեյգադասը հյուրընկալվելու է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Կառլոս Ռեյգադասը, որի «Silent light» ֆիլմը  ցուցադրվել է  «Ոսկե ծիրան» -ի շրջանակում, այս տարի կինոփառատոնի պատվավոր հյուրն է: Փառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում ցուցադրվելու են ռեժիսորի լավագույն ֆիլմերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին փառատոնի կազմակերպիչները:

«Այս տարի փառատոնը, որը մեկնարկելու է հուլիսի 7-ին, որոշակի փոփոխություններ է կրել, քանի որ փոխվել է փառատոնի ղեկավար կազմը: Փառատոնի կազմը համալրել են երիտասարդներ, ովքեր մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում 16-րդ «Ոսկե ծիրանին» և անում են ամեն ինչ՝ այն իսկապես կինոտոն դարձնելու համար: Փոփոխություններ են եղել նաև գերատեսչությունների համատեքստում. տեղի է ունեցել նախարարությունների միավորում, և այսուհետև մենք համագործակցելու ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ: Չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը»,-նշեց Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասաց, որ  ընկերությունը մեծ կարևորություն է տալիս մշակութային կյանքի, մասնավորապես՝ ազգային կինեմատոգրաֆի, ակտիվացմանն ու զարգացմանը Հայաստանում: «Տարիներ շարունակ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում մեր ընկերությունը կանգնած է կինոգործիչների կողքին: Կինոարվեստի զարգացման կարևոր խթան լինելու հետ մեկտեղ, կինոփառատոնը հսկայական աշխատանք է տանում աշխարհի քարտեզի վրա Հայաստանը որպես հարուստ մշակույթ ունեցող երկիր ճանաչելի դարձնելու գործում»,- նշեց Յիրիկյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն առանձնահատուկ շեշտեց, որ «Ոսկե ծիրան»-ն այն նախագծերից է, որը բարձրացնում է երկրի վարկանիշը աշխարհում: «Մեզ համար փառատոնն ունի ռազմավարական նշանակություն, որովհետև այս ձևաչափի փառատոնները մասնագիտական լավ խողովակներ են՝ երկիրը և նրա մշակութային ժառանգությունը ներկայացնելու աշխարհին»,- ընդգծեց Խզմալյանը:

Ասուլիսի ընթացքում բանախոսները տեղեկացրեցին, որ այս տարվա լիամետրաժ մրցույթի ժյուրին կնախագահի ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն է:

Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաև ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից: Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են. դրանք են՝ «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք»:

«Ոսկե ծիրանն» այս տարի ունի նաև նոր տարբերանշան, որն արտահայտում է փառատոնի նոր կազմի ինքնատիպ մոտեցումը 16-րդ տարին անցկացվող իրադարձությանը: Այն մինիմալիստական է, ներկայացնում է հայերեն «Ծ» տառը: Այդ տառի միջոցով լոգոյի հեղինակը փորձել է ստանալ փառատոնի խորհրդանիշ համարվող ծիրանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]