Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունիս

Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքի քննության դատական նիստին ներկա է ՀՀ գլխավոր դատախազը


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերաքննիչ դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ ընթացող Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ներկա է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստը դեռևս նախապատրաստական փուլում է և քննարկվում են տեխնիկական հարցեր:

Արմեն Դանիելյանը հորդորեց դատական նիստում բոլոր ներկա գտնվողներին պահպանել լռություն:

«Դատական նիստի ընթացքում ցանկացած հարց և խնդիր կարող ենք քննարկել: Խնդրում եմ նախապես դիմել դատարանի,ն և դատարանը բոլոր հնարավորությունները կընձեռնի, որպեսզի դատավարության մասնակիցները լիարժեք կարողանան իրենց իրավունքները իրացնել»,- ասաց Դանիելյանը:

Վերաքննիչում ընթանում է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործի վարույթը կասեցնելու եւ այն Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումների դեմ ՀՀ դատախազության բողոքների քննությունը:

Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Դատարանի դահլիճում ներկա է ամբաստանյալը՝ Ռոբերտ Քոչարյանը:

Դատաքննությանը զուգահեռ Վերաքննիչ դատարանի շենքի դիմաց հավաքվել են Քոչարյանի աջակիցները և նրա ազատությանը դեմ հանդես եկող անձինք:

Դեմ և կողմ արտահայտվող ցուցարարները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում, քաշքշում միմյանց: Ոստիկանության ծառայողները փորձում են վերահսկել իրավիճակը և պահպանել կարգուկանոնը:

Մայիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշեց Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ: Այնուհետև դատավոր Գրիգորյանը կասեցրեց քրեական գործի վարույթն ու այն ուղարկեց Սահմանադրական դատարան: ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 23-ին բողոքարկել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած երկու որոշումները: Համաձայն Datalex տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ