Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ախորժակն ուտելիս է բացվում. Ֆուտբոլի հավաքականից նոր հրաշքի սպասումով

Ախորժակն ուտելիս է բացվում. Ֆուտբոլի հավաքականից նոր հրաշքի սպասումով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաղուց, շատ վաղուց մենք մեր հավաքականի համար այսքան չէիք հուզվել, երկրպագել: Վաղուց այսքան շատ չէինք հավատացել մեր հավաքականին: Բայց հիմա, այս պահին մենք հավատում ենք ֆուտբոլիստներին, քանի որ նրանք են սկսել հավատալ  իրենց իսկ ուժերին, որոնք իսկապես անսահման են, եթե կա ձգտում, ցանկություն, նվիրվածություն և հավատ: Այս գործոններն էին, որ թե Լիխտենշտեյնի, թե Հունաստանի դեմ խաղում տեսանք հավաքականի մոտ ամբողջապես և յուրաքանչյուր ֆուտբոլիստի մոտ՝ առանձնակի: Այս հավաքականում տեսանք «մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար» հայտնի խոսքը: Հենց այս հավաքականն է, որ հիմա բարձրանում է անդունդից, որտեղ հայտնվել էր Եվրո-2020 ընտրական մեկնարկային երկու փուլերի անհաջող մեկնարկից հետո (Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան 2:1, Հայաստան-Ֆինլանդիա 0:2): Նախօրեին մեր տեսած հավաքականը կարծես ոչ մի աղերս չուներ մարտին կայացած երկու խաղերի թիմի հետ: Այստեղ այն հավաքականն էր, որտեղ ավագն ավագի պես` նվիրվածությամբ, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի պես կառուցեց թիմի խաղը, մասնակցեց կարևորագույն գրոհներին և տարավ իր հետևից ընտրանուն: Այն թիմին, որտեղ ամեն  ֆուտբոլիստ կարծես զգացել է իր կարևորությունը և գիտի իր արժեքը: Գիտի պայքարել ամեն փոխանցման համար, գնալ մինչև վերջ, պաշտպանությունը սկսել մրցակցի կիսադաշտից` «պրեսսինգի» միջոցով: Պարզապես հավաքականը սկսել է հավատալ ինքն իրեն…

Գյուլբուդաղյանցի գործոնը…

Տարածված մի միտք կա, որ հաղթում է թիմը, իսկ պարտվում մարզիչը: Գյուլբուդայանցը հայ իրականության այն քիչ մասնագետներից է, որ ֆուտբոլիստներին մինչև վերջին բջիջը կարողանում է ստիպել հավատալ ինքն իր հնարավորություններին: Գյուլբուդաղյանցն իր ազգանվան պես դժվար արտաբերվող թիմ էր կառուցել նախորդ երկու խաղերում: Եվ նրա խոսքերով ասած՝ մենք խաղադաշտում տեսանք «տրամադրված թիմ»: Նա այն մասնագետն է, որ աշխատել է ընտրանու մի քանի ֆուտբոլիստների հետ փոքր տարիքից, ծանոթ է նրանց մտածելակերպին, աշխարհընկալմանը և արժեքներին: Եվ գուցե հենց այս փաստերի համադրումն է, որ հավաքականի դեմքը 180 աստիճանով փոխեց վերջին երկու խաղերին: Գյուլբուդաղյանցն անվերապահորեն նվիրված է ֆուտբոլին իր թերություններով և առավելություններով հանդերձ: Նա համեստ մասնագետ է, բայց իր ֆուտբոլիստների մեջ անեզր հնարավորություն տեսնող: Նա այն մասնագետն է, որ երիտասարդների մեջ տեսնում է վաղվա օրը, լուսավոր ապագան,  նա այն մասնագետն է, որ այսօր իր ունեցած քչից ու շատից ստեղծում է հավաքական, որ նախօրեին հաղթեց Հունաստանին և հոգեբանորեն չզիջեց ամենազգայուն պահին:

Հեքիաթին նորից հավատալով…

Գիտեք, որ հավաքականը տարօրինակ թիմ է: Ժամանակին մենք ստացել էինք «Ռոբին Հուդ» մականունը, քանի որ հերթական ընտրական փուլում միավորներ էինք վերցնում ուժեղ թիմերից և այն տալիս թույլերին: Եվրոպայի առաջնության ընտրական այս փուլի մեկնարկը աղոտ էր, բայց թունելի վերջում սկսել է լույս նշմարվել, որը գուցե հեքիաթին հավատալու մեր նոր հույսն է: Ժամանակից առաջ չընկնենք, չերազենք, բայց շարունակենք հավատալ, որով հույսեր կան Եվրո-2020-ին մասնակցելու:  Հիմա թիմերը գնում են ամառային հանգստի և նորից պայքարի մեջ կմտնեն սեպտեմբերին: Երևանում սեպտեմբերի 5-ին ընդունելու ենք Իտալիային` խմբի ֆավորիտին, միանձնյա առաջատարին, ով 4 խաղերում էլ հաղթել է:  Բայց մենք մեր երազանքի ճանապարհին մեր սրտի տակ ունենք և մինչև վերջ մեզ հետ տանելու ենք անվերապահորեն նվիրվելու և անսահմանորեն հավատալու ներուժը…

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]