Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունիս

Հայաստանի կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 11-ին ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀԲԸՄ համատեղ նախաձեռնությամբ ստեղծված, Հայաստանի տեխնոլոգիական հետազոտությունն իրականացնող խմբին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:

Միջազգային տարբեր հեղինակավոր գիտակրթական հաստատությունների փորձագետները ներկայացրել են Հայաստանի կրթական, տնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում իրականացված իրենց հետազոտության արդյունքները: ՀՀ կառավարության ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրվել հայկական ընկերությունների մրցունակության աճի, կրթություն-բիզնես կապի ամրապնդման, մասնագիտական կողմնորոշման հարցում միջնակարգ կրթության դերակատարության բարձրացման, թվային ուսուցման զարգացման և մի շարք այլ ուղղություններով հետազոտական խմբի առաջարկությունների վրա:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բարձր է գնահատել Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀԲԸՄ համատեղ նախաձեռնությամբ իրականացված աշխատանքը` ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին, ինչի համար հատկապես կարևոր է կիրառական գիտությունների ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործումը ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ պետական կառավարման համակարգում: Փոխվարչապետը նշել է, որ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր` ուղղված կրթության, գիտության և տնտեսության ոլորտների փոխկապակցվածության զարգացմանը, ինչպիսին է, մասնավորապես, «Աշխատիր Հայաստան»-ը, ուստի փորձագիտական խմբի եզրակացությունները կարող են օգտակար լինել այդ ծրագրերը կատարելագործելու առումով:

Քննարկման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին ուղղված քայլերի շուրջ: Մասնակցիներն անդրադարձել են միջազգային լավագույն փորձի և Հայաստանի հնարավորությունների համադրմանը, ինչը կարող է ծառայել երկրի տնտեսական և գիտակրթական կարողությունների մեծացմանը:

 

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ