Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունիս

Ապրանքների արտաքին առևտրի ցուցանիշների տարբերությունները պայմանավորված են ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների հաճախակի ճշգրտումներով


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սույն թվականի մայիսի 27-ին հրապարակված «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2019թ. ապրիլին (2019թ. մայիսի 27-ի դրությամբ)» ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակման մեջ ապրանքների արտաքին առևտրի ցուցանիշները էապես տարբերվում են հունիսի 5-ին հրապարակված «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականի հունվար-ապրիլին» տեղեկատվական ամսական զեկույցում հրապարակված ցուցանիշներից: Այդ տարբերությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով «Արմենպրես»-ը հարց է ուղղել ՀՀ վիճակագրական կոմիտեի վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի պետ Քրիստինե Պողոսյանին:

Ներկայացնում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի պետ Քրիստինե Պողոսյանի պարզաբանումը.

«Ընդհանրապես ՀՀ ապրանքների արտաքին առևտրի ցուցանիշների ոլորտում ճշգրտումները, ինչը որպես կանոն նորմալ երևույթ է միջազգային վիճակագրության պրակտիկայում, ավելի է ինտենսիվացել սկսած 2015 թվականից, երբ ՀՀ-ն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, քանզի միության ներսում ապրանքների տեղաշարժերը մաքսային ծառայությունները պարտավոր էին արդեն արձանագրել ոչ թե խիստ հաշվառման փաստաթուղթ հանդիսացող բեռնամաքսային հայտարագրերի հիման վրա, այլ «Ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձև»-ի հիման վրա, որը ՀՀ դեպքում մաքսային ծառայության համար հաստատվել է ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի թիվ 447-Ն որոշմամբ: Դրանով պայմանավորված 2015 թվականից առ այսօր ապրանքների արտաքին առևտրի ցուցանիշները ամեն ամիս ենթարկվում են ճշգրտումների: Անգամ 2015թ-ի առաջին 5 ամիսներին ՀՀ արտաքին առևտրի վերաբերյալ ցուցանիշները հրապարակելիս տողատակով միշտ հայտարարվում էր, որ այդ ցուցանիշներն ամբողջական չեն՝ պայմանավորված ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքմամբ, քանզի ոչ բոլոր ռեսպոնդենտների կողմից էր մաքսային մարմիններին ներկայացվում տեղեկատվություն (հաշվետվություն) փոխադարձ առևտրի վերաբերյալ: Միայն 2015թ-ի հունիսից մաքսային մարմիններին հաջողվել է քիչ թե շատ ամբողջացնել փոխադարձ առևտրի մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը, սակայն, հետագա ժամանակահատվածից առ այսօր ԵԱՏՄ փոխադարձ առևտրի մասով ռեսպոնդենտների կողմից նախորդող ժամանակաշրջանների համար տրամադրված ցուցանիշների ճշգրտումները հաճախակի են, գրեթե բոլոր ամիսներին, նույնիսկ էական չափաբաժիններով: Կարծում ենք, դեռ կպահանջվի որոշակի ժամանակահատված մինչ ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ առևտրի մասնակիցները կհարմարվեն այդ միության մաքսային մարմիններին հաշվետու լինելու պահանջներին և կապահովեն դրանց ամբողջական կատարումը: Այդ մասին ՀՀ վիճակագրական կոմիտեն մշտապես տվել է հրապարակային պարզաբանումներ (https://armenpress.am/arm/news/968969.html):

Կոնկրետ 2019թ. ապրիլ ամսվա ցուցանիշները դեռևս նախնական են և ճշգրտման կենթարկվեն, երբ մաքսային ծառայության կողմից կտրամադրվեն մայիսի ցուցանիշների տվյալների շտեմարանը, որը կընդգրկի ինչպես ապրիլի, այնպես էլ նախորդող բոլոր ամիսների ճշգրտված ցուցանիշները: Իսկ ապրիլ ամսվա նախնական ցուցանիշների հետ միասին մաքսային ծառայության կողմից տրամադրվել են սույն թվականի մարտ ամսվա ճշգրտված ցուցանիշները, ինչով պայմանավորված և ճշգրտվել են հունվար-ապրիլ ժամանաահատվածի համար ամբողջական ցուցանիշները: Տարբերությունները բացատրվում են հենց դրանով:

Եվ ընդհանրապես, ինչպես արդեն վերը նշվել է, ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների հաճախակի ճշգրտումներով է պայմանավորված, որ յուրաքանչյուր ամիս փոփոխության են ենթարկվում տարեսկզբից բոլոր ամիսների ցուցանիշները: Կարծում ենք, որ այս գործընթացը դեռևս շարունակական կլինի, մինչև ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ոլորտում չմշակվի ու կիրառության մեջ չդրվի միասնական, գործուն հաշվառմամբ վարչական համակարգ»:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ