Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Ռուսաստանը եղել է, կա և կմնա Հայաստանի կողքին. ՌԴ դեսպան


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը բարձր է գնահատում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Կոպիրկինն ասաց հունիսի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Հայաստանում տեղի ունեցած հայտնի ներքաղաքական փոփոխություններից մեկ տարի հետո մեր հարաբերություններում պահպանվել է շարունակականությունը, սա երևի ամենակարևորն է: Դրանք կայուն զարգանում են, մնում են բարձր մակարդակի վրա և կրում են ռազմավարական գործընկերության բնույթ: Միևնույն ժամանակ այդ հարաբերությունները զարգանում են և ադապտացվում նոր խնդիրներին, նոր իրականություններին ու պահանջմունքներին: Պարբերականորեն տեղի են ունենում շփումներ բարձր մակարդակներում: Եթե խոսենք անցած կես տարվա մասին, մեր վերջին մամուլի ասուլիսից հետո տեղի են ունեցել հանդիպումներ երկու ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև, դեկտեմբերի 27-ին Մոսկվայում, և վերջերս՝ հունիսի 6-ին Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում: Հունվարի 25-ին Մոսկվայում և ապրիլի 29-30-ին տեղի են ունեցել հանդիպումներ ՀՀ վարչապետի և ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի միջև, ով ժամանել է Երևան ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու»,- ասաց դեսպանը:

Կոպիրկինը նշեց, որ կայուն և շարունակական են նաև միջկառավարական ու միջխորհրդարանական հարաբերությունները:

«Շատ կարևոր է, որ դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո առանց երկարաձգման հարաբերություններ հաստատվեցին երկու երկրների խորհրդարանների միջև՝ շարունակելով շատ կարևոր միջխորհրդարանական փոխգործակցության ավանդույթը»,- նշեց Կոպիրկինը:

ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի խոսքով՝ հայերն իմաստուն ժողովուրդ են, որոնք կարող են լուծել երկրի առջև առկա խնդիրները, իսկ Ռուսաստանը եղել է, կա և կմնա Հայաստանի կողքին:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ