Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունիս

Հուսով եմ մենք կսկսենք աշխատել 2020 թ. «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի ուղղությամբ. Արմեն Սարգսյան


ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում հունիսի 9-ի երեկոյան նախագահ Արմեն Սարգսյանի անունից, ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցների և հյուրերի, կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, դիմելով ներկաներին՝ նախագահ Սարգսյանն ասել է.

«Ինձ համար պատիվ է ողջունել ձեզ այստեղ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում: Սա 2019 թվականի «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի վերջին օրն է: Ես հուսով եմ, Թիերի, մենք կսկսենք աշխատել 2020 թվականի «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի առաջին օրվա վրա:

Իսկապես, սրանք երեք հիանալի օրեր էին, որ միասին անցկացրեցինք: Ինչպես նշեցի առավոտյան, «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի կամ որևէ այլ միջազգային համաժողովի կարևորագույն գործոնը դրանից որևէ նոր բան սովորելն է: Ես իսկապես շատ բան սովորեցի այս երեք օրվա ընթացքում: Ես սովորեցի ձեզնից, որ մենք դեռ կատարյալ չենք, որ աշխարհն ունի այդքան խնդիրներ՝ բնությունից, կլիմայից, աշխարհաքաղաքականությունից, ներքին քաղաքականությունից, մշակույթից մինչև թյուրըմբռնում, հանդուրժողականության բացակայություն և այլն: Սակայն ես շարունակում եմ լավատես լինել, քանի որ երբ մենք հավաքվում ենք միասին նմանօրինակ միջոցառումների շրջանակում, հատկապես՝ «Մտքերի գագաթնաժողով»-ի համար, այդ ամենը հույս է տալիս, որ մենք իսկապես կարող ենք կառուցել մեր տապանը, տապան «Մտքերի գագաթնաժողով»-ի, մարդկային մտքի, որոնք կմիավորվեն և կկարգավորեն բոլոր այն խնդիրները, որոնց այսօր առնչվում ենք, կկարողանանք հասկանալ, ինչպես վարվել մոլորակի հետ, ինչպես նախապատրաստել մեր երեխաների կյանքն ապագայում ու ինչպես դարձնել աշխարհն ավելի լավը գալիք սերունդների համար:

Կարևոր է, որ մենք այստեղ՝ Հայաստանում, խոսելով աշխարհի, մյուս տարածաշրջանների խնդիրների, աշխարհաքաղաքականության, տնտեսական խնդիրների կամ քաղաքակրթությունների երկխոսության մասին, ամեն անգամ զուգահեռներ ենք տանում մեր ներքին խնդիրների հետ: Ինչ-որ առումով մենք վերաբացահայտում ենք Հայաստանը ձեր՝ մեր ընկերների, աշխարհի, մեր գործընկերների տեսանկյունից: Եվ դա հետաքրքիր է, քանի որ ես վերաբացահայտեցի Հայաստանը, և այն հիասքանչ է:

Հաճելի էր այս տարի բոլորիդ հյուրընկալել այստեղ: Ակնկալում եմ բոլորիդ ընդունել նաև հաջորդ տարի, որը շատ ավելի հետաքրքիր գագաթնաժողով է լինելու մի քանի պատճառներով: Այժմ մենք գիտենք՝ ինչի մասին խոսել, իսկ երեք հիմնական հարցերը նույնն են՝ ի՞նչ է տեղի ունենում, ի՞նչ անել և ինչպե՞ս անել դա:

Հիմա ես փոքր-ինչ ավելին գիտեմ, քանի երեք օր առաջ: Սակայն ես դեռ չգիտեմ, թե ինչ է տեղի ունենում: Եվ դուք կօգնեք բոլորին հաջորդ տարի գտնել ճիշտ պատասխաններ բոլոր երեք հարցերին: Շատ շնորհակալ եմ:

Սա վերջը չէ, սա սկիզբն է»: 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ