1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՊՀ լրատվական գործակալությունները մտադիր են Հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի համատեղ նախագիծ իրականացնել

ԱՊՀ լրատվական գործակալությունները մտադիր են Հաղթանակի 75-ամյակին նվիրված 
ցուցահանդեսի համատեղ նախագիծ իրականացնել

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 7 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաղթանակի 75-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը կարող Է դառնալ 2020 թվականին ԱՊՀ-ի երկրների լրատվական գործակալությունների համատեղ նախագիծը: Այն առաջարկել Է կազմակերպել ԱՊՀ Ինֆորմխորհրդի նախագահ, ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ երկրների պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի (ԱՊՀ Ինֆորմխորհուրդ) 26-րդ նիստում, որը հունիսի 7-ին տեղի Է ունեցել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում:

Նիստին մասնակցում է նաեւ «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

«Առաջարկում եմ՝ համատեղ ջանքերով նախապատրաստել Հաղթանակի 75-ամյակին նվիրված ֆոտոցուցահանդես»,- ասել Է Միխայլովը:

Նա առաջարկել Է նաեւ հավաքածուում ներառել  պատերազմական ժամանակների ֆոտոթղթակիցների նկարահանումները եւ մեր օրերի՝ Մեծ Հայրենականի հերոսներին նվիրված հիշատակի զանգվածային ակցիաների լուսանկարները:

Նիստում խոսվել Է նաեւ այն մասին, որ Հաղթանակի 75-ամյակի նախաշեմին հարկավոր Է հատուկ ուշադրություն դարձնել վետերանների կյանքի մասին հրապարակումներին, հայրենասիրական ակցիաներին, երիտասարդության դաստիարակությանը եւ պատմական լուսավորմանը: Նպատակահարմար Է համարվել այդ թեմատիկայի շուրջ գործակալությունների միջեւ նյութերի փոխանակումը, այդ թվում՝ ԱՊՀ մասնակից պետությունների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի կայքի միջոցով:

«Այդ առումով պետական լրատվական գործակալությունների լրագրողների վրա հատուկ պատասխանատվություն Է ընկնում»,-ասել Է Միխայլովը: Նա նշել Է, որ վերջին տարիներին ուժեղացել են Մեծ Հայրենականի վերաբերյալ պատմական ճշմարտության խեղաթյուրման, հիտլերականներին ու նրանց գործակիցներին արդարացնելու եւ նույնիսկ հերոսացնելու փորձերը:

«Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանն առաջարկել է պարբերաբար կազմակերպել համատեղ մամուլի ասուլիսներ՝ տեսահեռարձակման միջոցով: «Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ համատեղ ասուլիսների անցկացումն ու տեսակապի միջոցով հեռարձակումը ԱՊՀ տարածքում տեղեկատվական լուրջ ձեռքբերում կլինի եւ, կարծում եմ, շատ սպասված իրադարձություն մեր հասարակությունների համար»,-ասել է Անանյանը:

Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը լրատվական գործակալությունների ղեկավարները նաեւ միջազգային այնպիսի խոշոր միջոցառումների լուսաբանման փորձի ու պլանների փոխանակում են անցկացրել, ինչպիսիք են՝ երկրորդ Եվրոպական խաղերը, որոնք հունիսին անցկացվելու են Բելառուսում, պրես-տուրերի եւ լրագրողների ու ֆոտոթղթակիցների համար ստեղծագործական սեմինարների անցկացումը, առանձին քննարկվել Է ԱՊՀ տարածքում Դելփյան խաղերի տեղեկատվական աջակցման հարցը:

Հանդիպման մասնակիցները հավանություն են տվել ԱՊՀ Ինֆորմխորհրդի՝ նորությունների ընդհանուր ժապավենի ստեղծման մշտական գործող նախագծում ընդգրկվելու Թուրքմենստանի պետական լրատվական գործակալության առաջարկին: Այս տեղեկատվական պրոդուկտը ձեւավորվում Է այն գործակալությունների հավասարության հիման վրա, որոնց ղեկավարները մտնում են Ինֆորմխորհրդի մեջ:

ԱՊՀ Ինֆորմխորհուրդն ստեղծվել Է 1995 թվականին, նրա կազմի մեջ մտնում են՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի պետական լրատվական ծառայությունների ղեկավարները

ԱՊՀ Ինֆորմխորհրդի գործունեությունը միտված Է տեղեկատվական ոլորտում ԱՊՀ-ի երկրների փոխգործակցության ու համագործակցության ապահովմանը, տեղեկատվության անարգել տարածման եւ պրոֆեսիոնալ գործունեության փորձի արդյունավետ փոխանակման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաեւ մեդիագործընկերության ամրապնդմանը:

ԱՊՀ Ինֆորմխորհրդի նիստն ընթանում Է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում: Խորհրդի անդամները մասնակցում են ՊՄՏՀ-ի ծրագրով նախատեսված միջոցառումներին, ինչպես նաեւ աշխարհի խոշորագույն լրատվական գործակալությունների գագաթնաժողովին, որը ՏԱՍՍ-ն անցկացնում Է վեցերորդ տարին անընդմեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]