Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթը մասնակցության ավելի քան 80 հայտ է ստացել. ընտրվել է երեսուն երաժիշտ

Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթը մասնակցության ավելի քան 80 հայտ է 
ստացել. ընտրվել է երեսուն երաժիշտ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի ժառանգությունն ամբողջ աշխարհում ճանաչելի դարձնելու նպատակով 15 տարի շարունակ կոմպոզիտորի ծննդյան օրը` հունիսի 6-ին, Երևանում մեկնարկում է նրա անվան միջազգային երաժշտական մրցույթը, որին այս տարի մասնակցելու է երեսուն երաժիշտ տասներկու երկրից: Այս տարի  այն անցկացվելու է դաշնակահարների համար: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Բացմանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)  հանդես են գալու «Խաչատրյան տրիոն» և դաշնակահար Հայկ Մելիքյանը:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

«2003 թվականն էր, երբ առաջին անգամ անցկացվեց այս մրցույթը` նվիրված Խաչատրյանի հարյուրամյակին: Այս տարի նշում ենք մրցույթի 15-ամյակը: Կարծում եմ` մրցույթի դափնեկիրները, մրցույթին միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը և մեր անդամակցությունը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային փաստում են, որ Խաչատրյանի անվան մրցույթն ունի իր ուրույն տեղը միջազգային մրցույթների ընտանիքում և պատվով է ներկայացնում մեր երկիրը, մեր կատարողական արվեստը»,- հունիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա-Տեր Հովակիմյանը:

Մրցույթի ժյուրիի նախագահ դաշնակահար, դիրիժոր Վահագն Պապյանն ասաց, որ հաղթողներին ընտրելիս առաջնորդվելու են արդարության ու անաչառության սկզբունքով: Անդրադառնալով ժյուրիի անդամներին` նա շեշտեց, որ ժյուրիի կազմում ընդգրկված են դաշնակահար, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Միխայիլ Վոսկրեսենսկին, Բելառուսի ժողովրդական արտիստ Իգոր Օլովնիկովը, Իսրայելի հայտնի դաշնակահար  Թոմեր Լևը, Չինաստանի դաշնակահարների միության նախագահ Վեյ Ճանը, մեծահամբավ դիրիժոր Իլյա Ստուպելը, դաշնակահար, պրոֆեսոր Սերգեյ Էդելմանը:

ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանի խոսքով` Հայաստանի մշակութային կյանքում Արամ Խաչատրյան միջազգային երաժշտական մրցույթի անցկացումն իրապես խոշոր իրադարձություն է: «Այս մրցույթը կարևոր է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը բարձր պահելու, նրա ժառանգությունը միջազգային հանրությանը ներկայացնելու համար: Հույս ունեմ, որ մրցույթի մասնակիցները մեծ բարձունքների կհասնեն կատարողական արվեստում և իրենց երկացանկում անպայման կընդգրկեն նաև Խաչատրյանի ստեղծագործությունները»,-ընդգծեց Ղազարյանը:

Մրցույթում, որն անցկացվելու է մինչև հունիսի 14-ը,  դաշնակահարները ներկայացնելու են Խաչատրյանի և այլ ստեղծագործողների գործերը:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի, մրցույթը կանցկացվի երեք փուլով: Հունիսի 7-10-ին Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում կանցկացվեն առաջին և երկրորդ փուլերը, իսկ երրորդ փուլը տեղի կունենա հունիսի 12-ին և 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական սիմֆոնիկի նվագակցությամբ: Հունիսի 14-ին հայտնի կդառնա հաղթողների անունները:

Մրցույթի 2-րդ և 3-րդ փուլերում դաշնակահարների պարտադիր կատարման ծրագրում ընդգրկված են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Մրցույթի առաջին մրցանակակիրը կստանա դրամական պարգև՝ 15 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ մրցանակակիրը՝ 5 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևավճարի։ Կշնորհվեն նաև մի շարք հատուկ մրցանակներ:

Յուրաքանչյուր տարի հունիսի 6-14-ը Երևանում անցկացվող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն առաջին անգամ մեկնարկել է 2003 թվականին՝ մեծ կոմպոզիտորի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում: Խաչատրյանական մրցույթը 2013-ին ընդգրկվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի կազմում՝դրա գոյության ամբողջ ընթացքում հանդիսանալով այդ պատվին արժանացած միակ հայկական մրցույթը: 

Մրցույթն ուղղված է «դաշնամուր», «ջութակ», «թավջութակ», «դիրիժորություն», «վոկալ»  մասնագիտություններով շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]