«Մէկ կադր» 17-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնին ցուցադրվելու է իննսունյոթ կինոնկար
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մէկ կադր» 17-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը, որն անցկացվելու է հունիսի 5-11-ը Նորարար փորձառական արվեստի կենտրոնում, այս տարի ստացել է 752 ֆիլմի հայտ, բայց ընտրվել է 97 բազմաժանր, բազմաբովանդակ կինոնկար: Ֆիլմերը կարող են հետաքրքրել տարբեր սերունդների և մասնագիտությունների տեր մարդկանց, քանի որ չունեն թեմատիկ ուղղվածություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 5-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում:
«Այս տարի փորձում ենք համագործակցել տեղի և միջազգային տարբեր կազմակերպությունների, կառույցների հետ, իսկ ամենանշանակալի իրադարձությունն այն է, որ մեզ առաջին անգամ աջակցել է ՀՀ մշակույթի նախարարությունը: Դա մեծ լիցք փոխանցեց բոլորիս»,-հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց փառատոնի հիմնադիր նախագահ Գագիկ Ղազարէն:
Անդրադառնալով ներկայացված կինոնկարներին` նա ասաց, որ դրանք բավականին դիտարժան են: «Ավանդույթի համաձայն` ֆիլմերի դիտումներից հետո մենք իրականացնում ենք քննարկումներ, որոնք ակամայից վերածվում են վարպետության դասերի»,-ընդգծեց Ղազարէն:
Կինոփառատոնն ունի չորս անվանակարգ, որոնք են` «Մէկ կադր մէկ րոպե», «Կարճ ֆիլմեր», «Կինո առանց սահմանի», «Զրո բյուջե»:
«Մէկ կադր մէկ րոպե» անվանակարգի ժյուրիի նախագահ, դերասան, ռեժիսոր Աշոտ Ադամյանի խոսքով` Ֆիլմերի հայտերի աննախադեպ քանակը խոսում է այն մասին, որ փառատոնը շնչում է, կյանք է առնում, քայլում է:
«Այս անվանակարգը շատ կարևոր է. ըստ իս` մեկ րոպեն խտացված կինոյի նշանակություն ունի, և ես ավելի հակված եմ այն համարել մերկ կինո: Մեկ րոպեում կարողանում ես տեսնել, թե ինչի հետ գործ ունես` ստեղծագործության, պատահական պատկերի, թե նոր խոսքի»,-նշեց Ադամյանը:
Խոսելով մերօրյա կինոարտադրության առջև ծառացած խնդիրների մասին` ռեժիսորն ասաց, որ դրանք շատ են:«Կինոարտադրության իմաստով մենք հետ ենք գնացել, և կարիք ունենք բացը լրացնելու, բանակը մեծացնելու: Այս փառատոնը հարթակ է, որտեղ դուք կարող եք ձեր ես-ը, ձեր թեման, ձեր ինչպիսին լինելը ներկայացնել ոչ միայն Հայաստանին, այլև արտերկրին: Սա նաև նոր ծանոթությունների հզոր հարթակ է»,-հավելեց Ադամյանը:
«Զրո բյուջե» ժյուրիի անդամ, «Կինոկետ Փրադաքշնս» ընկերության ստեղծագործական տնօրեն Վարդան Հակոբյանը հայտնեց, որ «Զրո բյուջե» անվանակարգում ներկայացված է վեց կինոնախագիծ: «Հաղթած նախագիծը կարող է փոքր գումար ստանալ և վերածվել ֆիլմի: Այս հարթակը մրցակցային դաշտ է ստեղծում երիտասարդների շրջանում, պայքար լավ որակի, գաղափարի համար»,-շեշտեց նա:
«Մէկ կադր» 17-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնին ֆիլմեր են ներկայացվել ԱՄՆ-ից, Բելառուսից, Բելգիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Դանիայից, Էստոնիայից, Իսպանիայից, Իսրայելից, Շվեդիայից, Ռուսաստանից, Սիրիայից և այլ երկրներից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում