Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

Քոչարյանի պաշտպանները ցանկանում են տեղեկություններ ստանալ դատախազության երկու բողոքները նույն դատավորին մակագրելու գործընթացի վերաբերյալ

Քոչարյանի պաշտպանները ցանկանում են տեղեկություններ ստանալ դատախազության 
երկու բողոքները նույն դատավորին մակագրելու գործընթացի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը պատրաստվում է հունիսի 3-ին դիմել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը ցանկանում է մանրամասն տեղեկություններ ստանան, թե ինչպես է ստացվել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու, ինչպես նաև Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտերի դեմ դատախազության երկու բողոքներն էլ մակագրվել են նույն դատավորին՝ Արմեն Դանիելյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին  ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

«Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտերի դեմ երեք բողոք է ներկայացվել, դրանցից մեկը տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի բողոքն է, երկուսը դատախազությանը: Երկու տարբեր դատական ակտ է բողոքարկված և դատավորները, որոնց մակագրվում են գործերը՝ ընտրվում են պատահականության սկզբունքով՝ համակարգչի միջոցով: Մեզ համար տարօրինակ է այն փաստը, որ դատախազության երկու բողոքն էլ հայտնվել է նույն դատավորի մոտ»,- նշեց Ալումյանը և հավելեց, որ Վերաքննիչ դատարան ցանկանում են դիմել, որպեսզի իրենց  տրամադրվեն լրացուցիչ և մանրամասն տեղեկություններ դատավորի մակագրման գործընթացի վերաբերյալ:

Հայկ Ալումյանը նաև կարծիք հայտնեց, որ առաջին ատյանի դատարանի երկու որոշումներն էլ դատախազի կողմից բողոքարկման ենթակա չեն: Նրա խոսքով՝ եթե նույնիսկ դատախազությունը բողոքարկել է որոշումները, Վերաքննիչ դատարանն այդ բողոքները չպետք է վարույթ ընդուներ:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մայիսի 18-ին փոխել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ:

Ավելի ուշ դատավոր Դավիթ Գրիգորյանը Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցնելու և այն լրացուցիչ քննության համար ՍԴ ուղարկելու որոշում էր կայացրել: ՀՀ գլխավոր դատախազությունը Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու որոշումները բողոքարկել է Վերաքննիչ դատարանում: Վերաքաննիչ դատարանը վարույթ է ընդունել դատախազության բողոքները և դրանք մակագրել դատավոր Արմեն Դանիելյանին:

Համաձայն Datalex տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927000000 ՀՀ դրամին համարժեք 3000000 ԱՄՆ դոլար կաշառք։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ