1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնի շրջանակում անցկացվելու է վեց համերգային երեկո

Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնի 
շրջանակում անցկացվելու է վեց համերգային երեկո

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային երրորդ փառատոնն իր շուրջն է համախմբելու  բարձրակարգ երաժիշտների Իտալիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Լեհաստանից և այլ երկրներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նրանք ելույթներ են ունենալու ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Էջմիածնում:

Փառատոնն անցկացվելու է մայիսի 30-ից հունիսի 5-ը` նպատակ ունենալով  ևս մեկ անգամ երախտիքի խոսք ուղղել Ալեքսանդր Հարությունյանին և նոր շունչ հաղորդել նրա ստեղծագործություններին:

«Փառատոնի շրջանակում նախատեսվում է վեց համերգային ծրագիր: Հունիսի 30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա բացման հանդիսավոր արարողությունը, հունիսի 31-ին  մասնակիցները համերգով հադես են գալու Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: Համերգներ կլինեն նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, կոնսերվատորիայում»,- մայիսի 29-ին լրագրողների հետ զրույցում ասաց փառատոնի տնօրեն և գլխավոր պրոդյուսեր Շմավոն Գրիգորյանը` ընդգծելով, որ երեք տարվա ընթացքում փառատոնը հյուրընկալել է ավելի քան քառասուն բարձրակարգ երաժշտի, որոնք հանդես են եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի նվագակցությամբ:

Գրիգորյանը հավելեց, որ փառատոնի շրջանակում արտերկրից ժամանած հյուրերը վարպետության դասեր են անցկացնելու  տարբեր երաժշտական հարթակներում:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանի խոսքով` Հայաստանի պետական կամերային նվագախումբը դարձել է փառատոնի հիմնական նվագախումբ: «Հուսամ` փառատոնը կընդլայնի իր հորիզոնները, և համերգներ կիրականացվեն Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում»,-նշեց նա:

Փառատոնի մասնակից, գերմանացի հոբոյահար Մարտին Ֆրուտիգերն ասաց, որ առաջին անգամ հենց Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնի ընթացքում է եղել Հայաստանում: «Մեծ  հաճույք եմ ստացել հայ և արտասահմանցի երաժիշտների հետ համագործակցությունից: Նշեմ, որ Ալեքսանդր Հարությունյանին և Արամ Խաչատրյանին աշխարհում ճանաչում են, որպես խորհրդային կոմպոզիտորների: Այս փառատոնի շնորհիվ շատերն իմացան, որ նրանք հայազգի ստեղծագործողներ են»,-ընդգծեց երաժիշտը:

Հայկական արմատներով դիրիժոր Դավիթ Ալեքսանդր Ռահբին նշեց, որ առաջին անգամ է մասնակցում փառատոնին և հրաշալի է, որ հնարավորություն ունի համագործակցել ոչ միայն տեղի, այլև  տարբեր երկրներից Հայաստան ժամանած արտիստների հետ:

Փառատոնի բացման համերգին նվագախմբի կազմում է լինելու նաև ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, ով մեծ սիրով է համաձայնվել մասնակցել փառատոնին:

Վեց համերգի ընթացքում հնչելու են ինչպես Ալեքսանդր Հարությունյանի, այնպես էլ այլ նշանավոր կոմպոզիտորների գործեր:

Փառատոնն իրականացնում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամը Ալեքսանդր Հարությունյանի դուստր Նարինե Հարությունյանի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]