Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Հուլիս 2022

Սպառազինության ցուցադրություն, դաշտային խոհանոց, սպորտային միջոցառում. Խաղաղապահները հանդիսավորությամբ կնշեն իրենց օրը

Սպառազինության ցուցադրություն, դաշտային խոհանոց, սպորտային միջոցառում. 
Խաղաղապահները հանդիսավորությամբ կնշեն իրենց օրը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 29-ը Խաղաղապահների միջազգային օրն է: ՀՀ զինված ուժերի խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար գնդապետ Արտակ Տոնոյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ տոնական միջոցառումները կանցկացվեն շաբաթվա վերջ՝ մայիսի 31-ին: Այդ օրը նախատեսված են հանդիսավոր միջոցառումներ, ելույթներ, պարգևատրումներ:

«Տոնական տրամադրությունն անպակաս է լինելու: Մենք նախատեսում ենք խորացնել զինծառայողի ընտանիք-զորամաս ինտեգրումը, այդ իսկ պատճառով այդ օրը հրավիրվել են մեր զինծառայողների ընտանիքները: Անցկացվելու են սպորտային միջոցառումներ, սպառազինության ցուցադրություն, կլինի դաշտային խոհանոց»,-ասաց Արտակ Տոնոյանը:

Անդրադառնալով ՀՀ զինված ուժերի խաղաղապահ ուժերի անցած ուղուն՝ Արտակ Տոնոյանը նշեց, որ  ՀՀ զինված ուժերը միջազգային խաղաղապահ առաքելությամբ հանդես է գալիս դեռևս 2004թ. փետրվարից, երբ հայ խաղաղապահների 34 հոգանոց զորախումբը մեկնեց Կոսովո` հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու: Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը շարունակվում է առ այսօր: 2005թ. հունվարին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը միացել է Իրաքում իրականացվող բազմազգ խաղաղապահ առաքելությանը` լեհական ստորաբաժանման կազմում, հիմնականում մասնակցելով ականազերծման, բեռնափոխադրումների և բժշկական ապահովման աշխատանքներին: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը դուրս է բերվել Իրաքից 2009թ. նոյեմբերին:

Ներկայում հայ զինվորները խաղաղապահ ծառայություն են իրականացնում Կոսովոյում, Աֆղանստանում, Լիբանանում, մեկ դիտորդ էլ ունենք Մալիում: Ներկայում ընդհանուր թվով 200-ից ավելի զինվորներ խաղաղապահ ծառայություն են իրականացնում: Հայ խաղաղապահները մասնակցել են բազմաթիվ զորավարժությունների` մշտապես բարձր պահելով հայ զինծառայողի պատիվը և արժանանալով վերադաս հրամանատարության, ինչպես նաև արտերկրի բարձրաստիճան զինվորականների գովեստին և պարգևներին:

«Այսօր կարող ենք ասել, որ Հայաստանը առաջատար է խաղաղապահության ոլորտում և բավական պատրաստված, մասնագիտական բարձր ունակություններով իրականացնում է առաքելությունը: Բազմաթիվ են շնորհակալական նամակներն ՝ ուղղված մեր զինվորներին»,-ասաց Արտակ Տոնոյանը:

Գնդապետը կարևորեց ուսումնական, վերապատրաստման ծրագրերը, և նշեց, որ մեր զինծառայողները 100 և ավելի վերապատրաստման ծրագրեր են անցել:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե խաղաղապահ բրիգադի մշտական տեղակայման վայրի  տեղափոխմամբ պայմանավորված ինչ խնդիրներ ու դժգոհություններ եղան, Արտակ Տոնոյանը նշեց, որ  տեղակայման վայրի փոփոխությամբ պայմանավորված կար տրամադրության անկում, բայց դա հարաբերական է:

«Եթե մի քանիսին անհարմար է, ապա մյուսներին էլ հարմար է: Ես ողջունում եմ տեղակայման վայրի հետ կապված վերադասի որոշումը, քանի որ ծառայության կազմակերպման համար անհամեմատ լավ պայմաններ են ստեղծված: Ինչ վերաբերում է համալրումներին, ապա դրա հետ կապված խնդիր չունենք»,-ասաց Արտակ Տոնոյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]