Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Աշխարհի հանրահայտ նվագախմբերի մենակատարները հանդես են գալու Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների փառատոնում

Աշխարհի հանրահայտ նվագախմբերի մենակատարները հանդես են գալու Ալեքսանդր 
Հարությունյանի անվան փողային գործիքների փառատոնում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նշանավոր կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային երրորդ փառատոնի շրջանակում երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրել աշխարհի բարձրակարգ նվագախմբերի մենակատարներին, իսկ երաժիշտները կարող են մասնակցել նրանց վարպետության դասերին՝ հարստացնելով իրենց գիտելիքներն ու կատարելագործելով հմտությունները:

Փառատոնն այս տարի Հայաստանում կանցկացվի մայիսի 30-ից հունիսի 5-ը՝ իր շուրջ համախմբելով բարձրորակ երաժշտության սիրահարներին ու նվիրյալներին:

Փառատոնի սկզբնավորման, նպատակի և ձեռքբերումների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Դուրգարյանի հետ:

-Փառատոնն արդեն երեք տարեկան է: Պարոն Դուրգարյան, ի՞նչը խթան հանդիսացավ, որ նախաձեռնեցիք նման փառատոն անցկացնել Հայաստանում:

-Տասնհինգ տարի աշխատել եմ տարբեր նվագախմբերի հետ. ի վերջո  փառատոնի տնօրեն և պրոդյուսեր Շմավոն Գրիգորյանի և մեր գործընկերների հետ եկանք այն կետին, որ պետք է ինչ-որ բան փոխվի փողային գործիքների կատարողական արվեստում: Մեր նվագախմբերում կան բազմաթիվ տաղանդավոր երաժիշտներ, ովքեր տիրապետում են փողային գործիքներին, սակայն ոլորտում կային և դեռ կան խնդիրներ՝ կապված փողային գործիքների կատարողական արվեստի դպրոցի հետ:

Անցումային շրջանում, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց,   մեր կատարողական արվեստի հիմքը մնաց խորհրդային դպրոցը: Անհրաժեշտ է հիշել, որ ամբողջ աշխարհում երկու  դպրոց կա՝ ամերիկյան և եվրոպական: Մենք պետք է փորձենք այդ երկու դպրոցներից վերցնել այն, ինչը մեզ է հարկավոր, ուստի ստեղծեցինք այս փառատոնը:

Երիտասարդները ձգտում են երաժշտական կրթություն ստանալ Եվրոպայում, բայց ոչ միշտ են ունենում այդ հնարավորությունը: Մենք այս փառատոնի միջոցով Եվրոպայից Հայաստան ենք բերում  բարձրակարգ մասնագետների, որոնք այստեղ ելույթ են ունենում՝ ներկայացնելով իրենց վարպետությունը և վարպետության դասեր անցկացնում տեղի երիտասարդ երաժիշտների համար:

Կարծում եմ՝ մեր փառատոնը կայացման փուլում է: Ինչո՞ւ կայացման, որովհետև  այն օրը, երբ մենք տեսնենք, որ հայ  երաժիշտները կատարողական արվեստում չեն զիջում օտարերկրացի երաժիշտներին,  կհամարենք, որ ինչ-որ բան արել ենք:

-Փառատոնը կրում է Ալեքսանդր Հարությունյանի անունը…

-Ես կասեի՝ մեծն Ալեքսանդր Հարությունյանի: Իբրև կոմպոզիտոր նա մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Հարությունյանը գրել է բազմաթիվ ստեղծագործություններ փողային գործիքների համար: Դրանցից ամենահայտնին «Շեփորի կոնցերտն» է: Այն կատարվում է ոչ միայն համերգասրահներում, այլև տարբեր մրցույթների  պարտադիր առարկա է:

Մեզ համար պատիվ է նրա անվան փառատոն ունենալը, իսկ օտարերկրյա արտիստները,  լսելով նրա անունը, չեն քննարկում մասնակցե՞լ փառատոնին, թե՞ ոչ: Նրանք միանգամից համաձայնվում են:

-Կարո՞ղ ենք ասել, որ  այս տարիների ընթացքում  երաժշտասերների և երաժշտի մասնագիտությունն ընտել ցանկացողների հետաքրքրությունը փողային գործիքների հանդեպ մեծացել է:

-Խորհրդային տարիներին, երբ ձևավորվեցին սիմֆոնիկ նվագախմբերը, օպերային թատրոնը, մի խոսքով՝ ամեն ինչ, շատ մոդայիկ էին լարային գործիքները և դաշնամուրը:

Ըստ իս՝ մեր փառատոնը մոդայիկ է  դարձնում «փողային գործիք» հասկացությունը և, բարեբախտաբար, երաժշտական դպրոցներում հաճախ ենք հանդիպում  երեխաների, որոնք նախընտրում են փողային գործիքները: Փառատոնն իր ներդրում ունի այդ հարցում:

-Եթե չեմ սխալվում այս տարի յոթ երկրից ավելի քան քսան երաժիշտ-կատարող է մասնակցելու փառատոնին: Կբացե՞ք փակագծերը:

-Կան մասնակիցներ Իտալիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Լեհաստանից և այլ երկրներից:  Մենք ոչ թե գնում ենք ականավոր մենակատարների ետևից, այլ հրավիրում ենք բարձրակարգ երաժիշտների  հռչակավոր նվագախմբերից, ինչպիսիք են՝ Ցյուրիխի «Տոնհալլե», Բեռլինի, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը: Մեր խնդիրը նվագախմբերում փողային գործիքներ նվագող երաժիշտների կատարողականը բարձրացնելն է:

-Փառատոնի բացման համերգային ծրագրում ելույթ է ունենալու նաև ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան: Ինչպե՞ս տեղի ունեցավ համագործակցությունը: Ո՞ւմն էր նախաձեռնությունը:

-Աշխարհի տարբեր երկրներում կան ՀՀ դեսպաններ, որոնք շատ կապված են երաժշտությանն ու այս կամ այն երկրում համերգներ են կազմակերպում՝ հրավիրելով հայ արտիստների: Այդպես նրանք ջանում են հայ մշակույթը ներկայացնել օտարներին:

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան նույնպես դասական երաժշտության երկրպագու է: Հետաքրքիր է, որ նա նվագում է ոչ թե ջութակ կամ դաշնամուր, ինչպես շատերը, այլ՝ վիեննական գալարափող: Դեսպանն ինքն է հետաքրքրվել փառատոնով, ցանկացել է իմանալ ծրագիրը: Երբ  նրան առաջակեցինք  հանդես գալ փառատոնում, սիրով համաձայնեց: Անգամ արձակուրդ է վերցրել բացման համերգին լավ պատրաստվելու համար:

-Ո՞ր հարթակներում են անցկացվելու համերգներն ու վարպետաց դասերը: Համերգային երեկոներին մեծամասամբ ժամանակակից թե դասական կոմպոզիտորների գործեր են հնչելու:

- Բացման համերգային ծրագիրը տեղի է ունենալու Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Առաջին տարին է, որ մեզ աջակցում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, որտեղ անցկացվելու են և՛ համերգներ, և՛ վարպետության դասեր, որոնց կարող են մասնակցել երիտասարդ երաժիշտները:

Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում նույնպես նախատեսվում են համերգներ ու վարպետաց դասեր: Համերգային երեկո անցկացվելու է նաև Կոմիտասի թանգարան- ինստիտուտում, Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:

Համերգներին հնչելու են ոչ միայն ժամանակակից կոմպոզիտորների, այլև դասականների ստեղծագործություններ: Նախատեսվում են նաև պրեմիերաներ:

Շեշտեմ, որ երեք տարի շարունակ  փառատոնի կողքին է Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Փառատոնի իրականացմանն աջակցել են Ալեքսանդր Հարությունյանի դուստր Նարինե Հարությունյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատունը և այլք:

Զրուցեց Անժելա Համբարձումյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]