Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տիգրան Մանսուրյան. «ԴասА»-ի շրջանակներում տարվող աշխատանքներն անչափ կարևոր են և պատվաբեր»

  Տիգրան Մանսուրյան. «ԴասА»-ի շրջանակներում տարվող աշխատանքներն անչափ 
կարևոր են և պատվաբեր»

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԴասА» կրթամշակութային ծրագիրը մեկնարկեց 2018-ի աշնանը։ Նախաձեռնությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի նպատակն է ժամանակակից ինտերակտիվ և ստեղծարար մեթոդներով ուղղորդել երիտասարդ սերնդին դեպի դասական արվեստը։ Ծրագիրն ընդգրկել է Երևանի 35 ավագ դպրոցների 10-12-րդ դասարանների 13532 աշակերտների։

«ԴասА»-ի շրջանակներում Սերգեյ Սմբատյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտների հետ այցելում է ավագ դպրոցներ, անցկացնում ճանաչողական դաս դասական երաժշտության մասին, ներկայացնում կոմպոզիտորների, նրանց ստեղծագործությունները, երաժշտական գործիքները, նվագախմբի կառուցվածքը, ծանոթացնում դասական երաժշտության համերգին ներկա գտնվելու կանոններին։ Եվ այս ամենն արվում է ինտերակտիվ մեթոդներով, վիկտորինաներով, հանրամատչելի տեսանյութերով։ Աշակերտները հնարավորություն են ունենում այցելելու նվագախմբի փորձերին, ներկա գտնվելու համերգներին։

ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ կյանքի կոչված այս ծրագիրը մեծ արձագանք է ստացել աշակերտների, նրանց ծնողների, ուսուցիչների, նաև մասնագետների շրջանում։

Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը բարձր է գնահատում «ԴասА» նախաձեռնությունը։ «Հիացած եմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեությամբ, որն ուղղված է պատանիներին դասական երաժշտությամբ վարակելու հրաշալի գործին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասում է մաեստրո Մանսուրյանը։

Նա նկատում է, որ «ԴասА»-ի շրջանակներում տարվող աշխատանքն իրոք անչափ կարևոր է և պատվաբեր։ «Շատ կարևոր է, որ դպրոցական տարիքի երեխաները ճանաչեն մեծ դասականներին՝ ոչ միայն նրանց անուններով, այլև նրանց ստեղծագործություններով։ Այս տեսակետից սիմֆոնիկ նվագախմբի աշխատանքն անգնահատելի է, մանավանդ այսօր, երբ տիրապետող ուժ է դարձել մասսայական թեթև երաժշտությունը։ Դրա կողքին եթե չլինի դասականը, եթե այսօր իսկ չմտածենք վաղվա ունկնդրին պատրաստելու մասին, մենք՝ երաժիշտներս, տանուլ տված կլինենք»,- ընդգծում է կոմպոզիտորը։

Մաեստրո Մանսուրյանը շեշտում է, որ դասական երաժշտություն լսելու կուլտուրան պետք է դաստիարակել երեխայի մեջ։ Եվ այդ տեսակ լուսավորչական աշխատանքը ծայրահեղ անհրաժեշտ է. «Մենք այսօր էլ մեր դահլիճներում ունենք քչփչացող ունկնդիր. զարմանում ես՝ ինչու են մարդիկ գալիս սիմֆոնիկ երաժշտության համերգի և լսելու փոխարեն խոսում։ Ցավոք, այդ արատը մեր դահլիճներում կա։ Իհարկե, փոքր տարիքից անհրաժեշտ է երեխաներին բացատրել, որ դա անթույլատրելի է»։

Նվագախմբի նպատակներից է նաև «ԴասА»-ի շրջանակներում ներկայացնել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները և հատկապես այն կոմպոզիտորների, որոնք մեր կողքին ապրում են և մեծ ներդրում ունեն ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստում։

Ի դեպ, «ԴասА»-ին մասնակից դպրոցականներն ամիսներ առաջ ցանկություն էին հայտնել հանդիպելու Տիգրան Մանսուրյանի հետ։ Հանդիպումը կայացավ համերգներից մեկի ավարտին. պատանիները հնարավորություն ունեցան շփվելու, զրուցելու մաեստրոյի հետ։

Տիգրան Մանսուրյանը հիշում է, որ խորհրդային տարիներին կար դպրոցական ֆիլհարմոնիա, ինչը մշակութային դաստիարակության ուղղությամբ մեծ աշխատանք էր կատարում։ Այս կառույցը, սակայն, դադարեց գործելուց։ «Այն, ինչ անում է այսօր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հենց այդ բացը լրացնելուն է ուղղված, որը ներկայացնում է ոչ միայն դասականներին, այլև ապահովում շփումներ այսօր ապրող հեղինակների հետ։ Լավ է, եթե այդ հեղինակների անունները երեխաներն իմանան՝ նրանց հաղորդակից լինելով, տեսնելով, լսելով նրանց խոսքը»։

Օրերս տեղի ունեցավ «ԴասА» գալա-համերգը, որին ներկայացվեց «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը։ Աշակերտները համերգի տոմսերն ամրագրել էին «ԴասА» բջջային հավելվածի միջոցով։ Այդ հավելվածն աշակերտներին դասական երաժշտությանը ծանոթացնող ևս մեկ հարթակ է։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]