ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեֆերինն ասել է, որ Մխիթարյանն անձամբ է որոշում կայացրել չմեկնել Բաքու` Եվրոպայի լիգայի եզրափակչին: «Եթե ՈՒԵՖԱ-ն տեղի տար այս իրավիճակում, ապա ոչինչ ապագայում չենք կարող կազմակերպել»,-ասել է ՈՒԵՖԱ-ի նախագահը:
Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը: «Արսենալ»-ի երկրպագուները Change.org կայքում ստորագրահավաք են կազմակերպել, որով պահանջում են բոյկոտել եզրափակիչ: Ինչպես նաև երկրպագուները սկսել են սոցցանցերում օգտագործել #BoycotBaku հաշթագը: Ավելի վաղ անգլիական երկու ակումբների՝ «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուները հետ էին վերադարձել մարզադաշտի 10 տոկոսը կազմող տոմսերը՝ մոտ 5800 տոմս:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում