Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ փաստաբանական դպրոցի 72 ունկնդիր ստացել է փաստաբանի մասնագիտական գործունեության արտոնագիր

ՀՀ փաստաբանական դպրոցի 72 ունկնդիր ստացել է փաստաբանի մասնագիտական 
գործունեության արտոնագիր

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի հանդիսավոր նիստի ժամանակ անդամների միաձայն քվեարկության արդյունքում ՀՀ փաստաբանական դպրոցի 72 ունկնդիրների հանձնվել են փաստաբանի մասնագիտական գործունեության արտոնագրեր:

Ողջույնի խոսքում Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը շնորհավորելով ունկնդիրներին՝ խորհուրդ է տվել իրենց մասնագիտական գործունեության ընթացքում հավատարիմ մնալ փաստաբանի երդմանը և անդավաճան՝ մասնագիտությանը: «Այսօր մեզ համար հիշարժան օր է: Մեր համայնքը քիչ անց համալրվելու է 72 փաստաբաններով: Անձինք, ովքեր բարձր մրցակցության պայմաններում ընդունվել են փաստաբանական դպրոց, հաջողությամբ ավարտել ու հանձնել են որակավորման քննությունները և արժանացել են փաստաբանի պատվաբեր կոչմանը: Սկսած ուսման հենց սկզբից քարոզում ենք հեռու մնալ կոռուպցիայից: Մեր համայնք մուտք եք գործում ձեր գիտելիքներով, որը ապացույցն է այն բանի, որ Փաստաբանական դպրոցում ու Փաստաբանների պալատում կոռուպցիա չկա: Կոռուպցիայի մեջ ներգրավելը ոչնչացնում է մեր մասնագիտությունը»,-նշել է Արա Զոհրաբյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, պալատի նախագահը, խոսելով փաստաբանների մասնագիտական գործունեության դժվար, սակայն հետաքրքիր աշխատանքի մասին, նշել է, որ մասնագիտական գործունեության արտոնագիր ստացող փաստաբանները կբախվեն անօրինականությունների, բռնի ուժի, կոռուպցիայի ու կամայականությունների, սակայն խորհուրդ է տվել պայքարել այդ բացասական երևույթների դեմ: Եզրափակելով ելույթը՝ Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել որակավորման հանձնաժողովի անդամներին, Փաստաբանական դպրոցի աշխատակազմին ու դասախոսական կազմին:

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբանական դպրոցի տնօրեն  Սիմոն Բաբայանը նույնպես շնորհավորել է շրջանավարտներին և նշել․ «Փաստաբանական դպրոցը միշտ ձեռնարկում է համապատասխան միջոցներ, որպեսզի ունկնդիրների ուսուցումը հավուր պատշաճի իրականացվի, և այդ ժամանակահատվածում  փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի դուք ստանաք անհրաժեշտ հմտությունները և գիտելիքները ձեր մասնագիտական  գործունեությունն իրականացնելու համար»:

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանը նույնպես ողջունել է ունկնդիրներին և իր խոսքում ընդգծել իրավապաշտպան բնույթի կարևորության մասին: Նա, մասնավորապես, ասել է. «Գիտեք, որ ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ կարող են կամա թե ակամա խախտվել մարդկանց իրավունքներ, որտեղ ձեր իրավապաշտպան աջակցությունը կարող է պետք գալ մեր քաղաքացիներին: Գտնում եմ, որ մեր մասնագիտությունը լավագույն մասնագիտություններից է, որովհետև իրավապաշտպանի գործը շնորհակալ գործունեություն է»:

Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Սեդրակ Ասատրյանը միացել է շնորհավորանքներին և խորհուրդ տվել շրջանավարտներին լինել բարեխիղճ, պրոֆեսիոնալ և զուսպ:

Փաստաբանների պալատի խորհդի անդամ Գայանե Դեմիրճյանն իր խոսքում ասել է.   «Մեր հասարակությունն առավել քան երբևէ ունի խելացի, չերկնչող, սկզբունքային մասնագետների և հատկապես փաստաբանների կարիք: Մաղթում եմ, որ  ձեր գործունեությամբ հասնեք իրավունքի գերակայության ամրապնդմանը մեր երկրում: Ինչպես ասում են լավ փաստաբանը գիտի բոլոր նախադեպերը, իսկ լավագույն փաստաբանն ինքն է ստեղծում նախադեպեր: Մաղթում եմ, որ լրացնեք լավագույն փաստաբանների շարքերը»:

Շնորհակալական խոսքով հանդես են եկել ՀՀ փաստաբանական դպրոցի շրջանավարտներ Ալեքսանդր Կոչուբաևը, Նաիրա Ալավերդյանը և Գուրգեն Գրիգորյանը:

Խորհրդի հանդիսավոր նիատը շարունակվել է շրջանավարտների երդմնակալության արարողությամբ: Ունկնդիրները երդվել են ազնիվ և բարեխիղճ կատարել փաստաբանի պարտականությունները, պահպանել փաստաբանական գաղտնիքը, պաշտպանել վստահորդների իրավունքները, ազատությունները և շահերը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և փաստաբանի վարքագծի կանոնագրքով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]