Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս

Ոստիկանները հայտնաբերել են ապրիլի 15-ին երեք երիտասարդի ուղղությամբ կրակած ու մեկին սպանած հետախուզվողին


ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միքայելյան» հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ապրիլի 15-ի գիշերը  հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել երկու երիտասարդ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից, մի քանի րոպե անց դարձյալ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հնչեց ևս մեկ ահազանգ։ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ՝ հրազենային վնասվածքով։ Հիվանդանոցներ տեղափոխվածներից 23-ամյա տղան, հոսպիտալացվելուց որոշ ժամանակ հետո, գիտակցության չգալով՝ մահացել էր։

Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ հարուցվեց սպանության հատկանիշներով։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, համագործակցելով համակարգի այլ ստորաբաժանումների քրեական հետախույզների հետ, օպերատիվ կերպով պարզեցին, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 25 շենքի հարակից տարածքում։

Դեպքի վայրի մանրակրկիտ զննությամբ իրավապահները հայտնաբերեցին 7․62 մմ տրամաչափի պարկուճներ, գնդակ և արնանման հետքեր։ Նշանակվեցին փորձաքննություններ։ Ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության աշխատակիցները պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ։ Նախնական տվյալներով՝ երիտասարդների ուղղությամբ կրակոցները արձակել էր Լեփսիուսի փողոցի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ։

Օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տեղեկությունները որոշակի հիմնավորվեցին, և նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողին օպերատիվ հայտնաբերելու նպատակով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները կողմնորոշումներ ուղարկեցին տարածքային այլ ստորաբաժանումներ։

Հետևողական աշխատանքի արդյունքում ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ ստացան, որ հետախուզվողը թաքնվում է Սևանում գտնվող հանգստյան գոտիներից մեկում։ Ստացված տեղեկություններն իրացվեցին  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողների հետ համատեղ։ Արդյունքում՝ մայիսի 23-ին հետախուզվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Սևանի բաժին, որտեղից էլ տեղափոխվեց Երևան ու հանձնվեց հետախուզումը նախաձեռնած մարմնին։ Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները համատեղ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ