Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սա հիասքանչ խաղի շատ կեղտոտ կողմն է. Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանում

Սա հիասքանչ խաղի շատ կեղտոտ կողմն է. Հենրիխ Մխիթարյանի  շուրջ ստեղծված 
իրավիճակը քննարկել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև ԵԼ եզրափակիչ հանդիպման տոմսերի հետ կապված խնդիրների շուրջ քննարկում է ծավալվել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը Լեյբորիստների խմբակցության ղեկավարի տեղակալ  Թոմ Վաթսոնը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հրապարակել է Համայնքների պալատում տեղի ունեցած քննարկման տեսագրությունը:  Իր ելույթում Թոմ Վաթսոնը  սկանդալ է որակել այն, որ Հենրիխ Մխիթարյանը չի կարողանալու մասնակցել Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը, որը  նախատեսված է անցկացնել Բաքվում:  Խորհրդարանականը իր դժգոհությունն է արտահայտել նաև այն հանգամանքի կապակցությամբ, որ Ադրբեջանը մերժել է վիզա տրամադրել հայկական ազգանուն ունեցող երկրպագուներին:

«ՈւԵՖԱ-ի կանոնադրությունը փաստում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի վայելել ֆուտբոլը՝ անկախ այն հանգամանքից, թե ով է,  որ երկրից է կամ ինչպես է խաղում:  Սակայն հաջորդ շաբաթ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի իր կյանքի ամենակարևոր հանդիպումներից մեկը, որովհետև նա Հայաստանից է:  Հայկական ազգանուն ունեցող «Արսենալ»-ի երկրպագուներին նույնպես մերժել են մուտքի արտոնագիր տրամադրել, և նրանք չեն կարողանա մեկնել Բաքու: Սա սկանդալ է, սա հիասքանչ խաղի շատ կեղտոտ կողմն է, և եթե ես լինեի արտգործնախարար, ես ՈւԵՖԱ-ի առաջ հստակ կընդգծեի, որ սա խիստ անընդունելի է», - իր ելույթում ասել է Վաթսոնը:

Նա հարց է բարձրացրել՝  արդյո՞ք Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը պատրաստվում է ՈՒԵՖԱ-ից երաշխիքներ պահանջել, որ այսուհետ խտրական վերաբերմունք դրսևորող և այլ երկրների երկրպագուներին մուտքի արտոնագրերից զրկող երկրները չեն հյուրընկալելու մրցաշարի հանդիպումները:

Միացյալ Թագավորության երիտասարդության, մշակույթի, սպորտի նախարար Ջերեմի Ռայթն  ընդունել է Թոմ Վաթսոնի քննադատությունն՝ ընդգծելով, որ ֆուտբոլը բոլորի համար է:

«Ֆուտբոլը բոլորի համար է,  և մենք բոլորս վստահ ենք, որ դա վերաբերում է ոչ միայն մեր երկրում անցկացվելիք խաղերին, այլև երկրպագուներին, ովքեր ուզում են ճամփորդել աշխարհով մեկ: Եվ շատ կարևոր է, որ մենք այս հարցը քննարկենք ՈւԵՖԱ-ի հետ, ինչպես որ արդեն արել ենք՝ հստակ ընդգծելով, որ այն երկրները, որոնք հյուրընկալում են խաղերը, պետք է ողջունեն նաև ֆուտբոլասերներին»,- ասել է նա։

Ջերեմի Ռայթն ընդգծել է՝  ակնհայտ է, որ նրանք, ովքեր ուզում են երկրպագել իրենց թիմին, պետք է կարողանան դա անել ազատորեն: Հակառակ դեպքում ֆուտբոլը չի հասնում այն նպատակներին, որոնց պետք է հասնի:

Թոմ Վաթսոնն անդրադարձել է նաև Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպման տոմսերի հետ կապված խնդրին՝ շեշտելով, որ շատ երկրպագուներ չեն կարողանալու մարզադաշտից հետևել իրենց սիրելի թիմի խաղին տոմսերի բացակայության պատճառով: Նա քննադատել է ՈՒԵՖԱ-ին՝ նկատելով, որ ՈՒԵՖԱ-ն ավելի շատ նախապատվությունը տալիս է բաժնետերերին, քան երկրպագուներին: «Պատրաստվո՞ւմ է արդյոք արտաքին գործերի նախարարը իր հետ միասին քննադատել ՈՒԵՖԱ-ին՝ երկրպագուների նկատմամբ խայտառակ վերաբերմունք դրսևորելու համար»,- հարցրել է Վաթսոնը:

Միացյալ Թագավորության երիտասարդության, մշակույթի, սպորտի նախարար Ջերեմի Ռայթը կրկին ընդունել է, որ տոմսերը թիմերի երկրպագուների համար չեն հերիքում: «Ես կարծում եմ, որ մենք կարող ենք համաձայնել, որ որքան հնարավոր է շատ մարդիկ, ովքեր ոգևորված են իրենց սիրելի թիմերի խաղով, պետք է հնարավորություն ունենան տեսնել թիմերը դիմակայում միմյանց եվրոպական մրցասպարեզում: Ես կարծում եմ՝ կարևոր է, որպեսզի մենք ՈՒԵՖԱ-ին հասցնենք այս ուղերձը, որը մենք կարևորում ենք»,- ասել է նա:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը:

«Արսենալ»-ի երկրպագուները Change.org կայքում ստորագրահավաք են կազմակերպել, որով պահանջում են բոյկոտել եզրափակիչ: Ինչպես նաև երկրպագուները սկսել են սոցցանցերում  օգտագործել #BoycotBaku հաշթագը:

Ավելի վաղ անգլիական երկու ակումբների՝ «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուները հետ էին վերադարձել մարզադաշտի 10 տոկոսը կազմող տոմսերը՝ մոտ 5800 տոմս:

 

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]