Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հունիս

Արդարադատության փոխնախարարը ներկայացրեց անցումային արդարադատության գործիքակազմը


ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում ներկայացրեց դրա գործիքակազմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մայիսի 24-ին «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումները հրավիրվել են Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ:

«Միջազգային իրավական բոլոր փաստաթղթերում անցումային արդարադատությունն ամրագրված է որպես գործիքների ու կառուցակարգերի ամբողջություն, որը նպատակ ունի ապահովել հասարակության անցումը մի իրավիճակից մյուսին: Գործիքակազմն առավելապես իրավական է: Այն նպատակ ունի վեր հանել այն պատճառները, որոնք հանգեցրել են հասարակության մեջ զանգվածային խախտումների: Անցումային արդարադատությունը միջազգային բոլոր փաստաթղթերում նշվում է որպես հաշտեցման գործիք: Անցումային արդարադատության գործիքակազմը հստակ սահմանված է, առաջինը՝ քրեական մեղադրանքներն են, երկրորդը վեթթինգն է՝ գնահատման գործընթացը»,- ասաց Վարդապետյանը:

Փոխնախարարը նշեց, որ պետությունն ազատ է ընտրելու, թե ինչ կառուցակարգ ու գործիք է օգտագործելու երկրում ստեղծված լուրջ խնդիրները լուծելու համար:

«Եթե պետությունը ցանկություն է արտահայտում օգտագործել անցումային արդարադատության մեխանիզմները, դա չի նշանակում, որ պետությունը սահմանափակված է և պարտավորված է բոլոր գործիքները կիրառել: Յուրաքանչյուր պետություն ինքն է ընտրում, թե ինչ գործիքակազմ է իրեն անհրաժեշտ լրացնելու համար այն ինստիտուցիոնալ բացը, որն ինքն ունի»,- նշեց փոխնախարարը:

2018թ. մայիսից ի վեր անցումային արդարադատության թեման բուռն քննարկումների առարկա է դարձել քաղաքական, մասնագիտական և առհասարակ լայն հասարակական շրջանակներում։

Յոթերորոդ գումարման Ազգային ժողովի առաջին իսկ նստաշրջանից այս հարցը դրվել է արդեն օրակարգային քաղաքական քննարկումների սեղանին, և, կարծես թե, համընդհանուր ընկալում կա, որ հենց Ազգային ժողովն է այն ներկայացուցչական մարմինը, որը պետք է զբաղվի այս հարցով։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից տարբեր առիթներով հայտարարվել է, որ հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հասարակության շրջանում ձևավորված ակնկալիքները և մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև հարցի զգայունությունը՝ թեմայի նախնական ուսումնասիրություններից հետո կնախաձեռնվեն նաև լայն հանրային քննարկումներ Հայաստանում անցումային արդարադատության (այսուհետ տեքստում նաև՝ ԱԱ) անհրաժեշտության գնահատման, ԱԱ գործիքների կիրառման հեռանկարների և հնարավոր ձևերի վերաբերյալ։

Լսումների ընթացքում կնախատեսվեն մի քանի զեկույցներ, նախնական պատկերացմամբ դրանց շրջանակներում կշոշափվեն անցումային արդարադատության թեմայով միջազգային փորձին, ԱԱ առանձին գործիքների կիրառման հեռանկարներին, ինչպես նաև գործընթացի կազմակերպման հնարավոր տարբերակներին վերաբերող հարցեր։ Բանախոսների հետ հարցուպատասխանի, ապա նաև ելույթների միջոցով լսումների մասնակիցները հնարավորություն կունենան ունենալ շահագրգիռ քննարկում՝ ներկայացնելով տարբեր տեսակետներ։ Լսումների ընթացքում ելույթներ կունենան նաև հրավիրված միջազգային փորձագետներ։

Լսումների նպատակն է ներառական և շահագրգիռ քննարկման արդյունքում քաղաքական մարմնի մոտ ձևավորել պատկերացում, թե հանրության տարբեր շրջանակներն ինչպես են գնահատում Հայաստանում անցումային արդարադատության կիրառման անհրաժեշտությունը, ինչ պատկերացումներ ունեն դրա վերաբերյալ և ինչ ակնկալիքներ ունեն այդ գործընթացից։ Խորհրդարանական լսումները հնարավորություն կտան հանրության լայն շերտերին, այդ թվում՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, մասնագիտական ու ակադեմիական շրջանակներին, մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ինչպես նաև հետաքրքրված քաղաքացիներին, մասնակցելու քննարկումներին և ներկայացնելու իրենց կարծիքները։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ