Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԱԺ նախագահն անցումային արդարադատության կարևորագույն գործառույթը համարում է օրենսդրական ճանապարհով ներկա դատական համակարգի զտումը

ԱԺ նախագահն անցումային արդարադատության կարևորագույն գործառույթը 
համարում է օրենսդրական ճանապարհով ներկա դատական համակարգի զտումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը անցումային արդարադատության կարևորագույն գործառույթը համարում է օրենսդրական ճանապարհով ներկա դատական համակարգի զտումն ու մաքրումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Միրզոյանը ասաց իր նախաձեռնությամբ մայիսի 24-ին հրավիրված «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ընթացքում:

«Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել մասնագիտական շրջանակների, միջազգային փորձագետների հետ՝ հասկանալու համար մի շարք հարցեր, որոնք կապված են անցումային արդարադատության հետ: Այնուամենայնիվ, կարիք կա այդ հարցերի պատասխաններին գալ միասնական, ներառական, առավել լայն հանրային քննարկման ճանապարհով: Կան որոշումներ, որոնք մենք պետք է կայացնենք բոլորս միասին այսպիսի և այլ լսումների ու քննարկումների ճանապարհով»,- ասաց Միրզոյանը:

ԱԺ նախագահը նշեց, որ առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչու է անհրաժեշտ անցումային արդարադատության կիրառումը:

«Սկզբի համար պետք է հասկանանք, թե ինչու գործող դատական համակարգը չի կարող բավարարել ՀՀ քաղաքացիների պահանջը՝ իրականացնել արդար, անկախ արդարադատություն, և ինչու պետք է դիմել անցումային արդարադատության գործիքներին: Բոլորիս համար գաղտնիք չէ, որ դատական համակարգն ունի տարիների ընթացքում կուտակված լրջագույն խնդիրներ: Անցումային արդարադատությունը պետք է օրենսդրական ճանապարհով մաքրի, զտի ներկա դատական համակարգը»,- նշեց ԱԺ նախագահը:

2018թ. մայիսից ի վեր անցումային արդարադատության թեման բուռն քննարկումների առարկա է դարձել քաղաքական, մասնագիտական և առհասարակ լայն հասարակական շրջանակներում։

Յոթերորոդ գումարման Ազգային ժողովի առաջին իսկ նստաշրջանից այս հարցը դրվել է արդեն օրակարգային քաղաքական քննարկումների սեղանին, և, կարծես թե, համընդհանուր ընկալում կա, որ հենց Ազգային ժողովն է այն ներկայացուցչական մարմինը, որը պետք է զբաղվի այս հարցով։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից տարբեր առիթներով հայտարարվել է, որ հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հասարակության շրջանում ձևավորված ակնկալիքները և մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև հարցի զգայունությունը՝ թեմայի նախնական ուսումնասիրություններից հետո կնախաձեռնվեն նաև լայն հանրային քննարկումներ Հայաստանում անցումային արդարադատության (այսուհետ տեքստում նաև՝ ԱԱ) անհրաժեշտության գնահատման, ԱԱ գործիքների կիրառման հեռանկարների և հնարավոր ձևերի վերաբերյալ։

Լսումների ընթացքում կնախատեսվեն մի քանի զեկույցներ, նախնական պատկերացմամբ դրանց շրջանակներում կշոշափվեն անցումային արդարադատության թեմայով միջազգային փորձին, ԱԱ առանձին գործիքների կիրառման հեռանկարներին, ինչպես նաև գործընթացի կազմակերպման հնարավոր տարբերակներին վերաբերող հարցեր։ Բանախոսների հետ հարցուպատասխանի, ապա նաև ելույթների միջոցով լսումների մասնակիցները հնարավորություն կունենան ունենալ շահագրգիռ քննարկում՝ ներկայացնելով տարբեր տեսակետներ։ Լսումների ընթացքում ելույթներ կունենան նաև հրավիրված միջազգային փորձագետներ։

Լսումների նպատակն է ներառական և շահագրգիռ քննարկման արդյունքում քաղաքական մարմնի մոտ ձևավորել պատկերացում, թե հանրության տարբեր շրջանակներն ինչպես են գնահատում Հայաստանում անցումային արդարադատության կիրառման անհրաժեշտությունը, ինչ պատկերացումներ ունեն դրա վերաբերյալ և ինչ ակնկալիքներ ունեն այդ գործընթացից։ Խորհրդարանական լսումները հնարավորություն կտան հանրության լայն շերտերին, այդ թվում՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, մասնագիտական ու ակադեմիական շրջանակներին, մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ինչպես նաև հետաքրքրված քաղաքացիներին, մասնակցելու քննարկումներին և ներկայացնելու իրենց կարծիքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]