Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մասնակից եղեք առաջավոր երկրին վայել արժեքներ ստեղծելուն. ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ

Մասնակից եղեք առաջավոր երկրին վայել արժեքներ ստեղծելուն. ՀՀ նախագահի 
շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահն ընդգծել է, որ երիտասարդները պետք է դարձնեն Հայաստանն ավելի մրցունակ և ավելի բարեկեցիկ երկիր:

«Սիրելի՛ շրջանավարտներ,Այսօր դուք ավարտում եք դպրոցը: Ձեր աչքերում հուզմունք ու ոգևորություն կա, անհամբերություն և առաջ շարժվելու վճռականություն: Մի պահ թվում է, թե դուրս եք գալիս բաց տիեզերք, որտեղ ազատությունն անչափելի է, իսկ անսահմանությունը՝ անծայրածիր: Բայց, միևնույն ժամանակ, բոլորդ շատ լավ հասկանում եք, որ շարունակում եք քայլել կյանքի ճանապարհով, որտեղ ձեզ սպասում են բազմաթիվ մարտահրավերներ, փորձություններ եւ հնարավորություններ: Դպրոցն այդ ճանապարհի կարևորագույն հանգրվանն է: Կյանքի այդ հիշարժան հատվածը դուք անցել եք ինքնահաստատվելով ու սովորելով, սիրելով ու երազելով, աչքի առաջ ունենալով ձեր վաղվա օրը, վաղվա աշխատանքը, վաղվա ընտանիքը, վաղվա հայրենիքը: Այսօր դուք հասել եք մի կետի, որից սկսած՝ ավելի գործնական պետք է մասնակցեք այդ ամենի կերտմանը՝ մտածելով, ստեղծելով, աշխատելով»,-ասել է ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ մրցակցությունից դուրս չմնալու համար անհրաժեշտ է անդադար կրթվել, զինվել գիտելիքներով:

«Աշխարհն արագորեն փոփոխվում է՝ նաև ձեր միջամտությամբ ու ձեր շնորհիվ: Մրցակցությունից դուրս չմնալու համար անհրաժեշտ է անդադար կրթվել, զինվել գիտելիքներով, զարգացնել երևակայությունը, առաջարկել գաղափարներ, դրանք իրագործել, անհրաժեշտ է խիզախել, ոգևորվել ու հաղթել: Դուք կարո՛ղ եք և պե՛տք է դարձնեք Հայաստանն ավելի մրցունակ և ավելի բարեկեցիկ երկիր: Մեծ է ձեր ուսուցիչների ու ծնողների ներդրումը,և դուք պետք է անպայման մասնակից դառնաք առաջավոր երկրին վայել արժեքներ ստեղծելուն: Այսօր հնչող զանգը ձեզ կոչում է նոր մեկնարկի ու թռիչքի: Վստահ եղեք՝ ձեր մտքի և հոգու թռիչքը կարո՛ղ եք վերածել նյութեղեն ու հոգևոր հզոր արժեքների, որոնք կծառայեն մեր հայրենիքին, ժողովրդին, ամբողջ մարդկությանը: Մաղթում եմ ձեզ առողջություն, անսահման երևակայություն և հաջողություն, սեր ու երջանկություն»,-նշել է նախագահը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]