Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս

Հայաստանում IFAD-ի իրականացրած ծրագրերի արդյունքները օրինակ են այլ երկրների համար. Խալիդա Բուզարը՝ Տիգրան Ավինյանին


ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մայիսի 23-ին ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ /IFAD) Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի երկրների տարածաշրջանային տնօրեն Խալիդա Բուզարի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել հիմնադրամի հետ ձևավորված համագործակցությունը՝ ուղղված Հայաստանում գյուղական տարածքների զարգացմանը: Տիգրան Ավինյանը հույս է հայտնել, որ ԳԶՄՀ-ի կողմից հետագայում ևս կիրականացվեն նոր ծրագրեր՝ ընդգծելով, որ կառավարությունը պատրաստակամ է ցուցաբերելու համակողմանի աջակցություն հիմնադրամի գործունեությանը:

Իր հերթին Խալիդա Բուզարը նշել է, որ Հայաստանը դիտվում է որպես նորարակական նախաձեռնությունների երկիր, որտեղ ԳԶՄՀ-ի կողմից իրականացվող ծրագրերի արդյունքները օրինակ են ծառայում այլ երկրների համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԳԶՄՀ-ի ֆինանսավորմամբ առկա ծրագրերի ընթացքին և դրանց հետագա իրագործմանը: Քննարկվել են պետական կառավարման ոլորտի բարեփոխումների համատեքստում ԳԶՄՀ-ի հետ հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում գյուղատնտեսական զարգացման նախաձեռնությունների համակարգման արդյունավետության բարձրացման շուրջ: Երկուստեք կարևորվել է համատեղ ջանքերով անհրաժեշտ մեխանիզմների ստեղծումը, որոնք թույլ կտան ապահովել Հայաստանի գյուղական տարածքների զարգացման ծրագրերի իրականացման շարունակականությունը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ