Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արագ փոփոխվող աշխարհում Հայաստանը մեծ հետք թողնող փոքր երկիր է. հարցազրույց «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի կազմակերպիչ Թիերի Մալըրեի հետ

Արագ փոփոխվող աշխարհում Հայաստանը մեծ հետք թողնող փոքր երկիր է. 
հարցազրույց «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի կազմակերպիչ Թիերի Մալըրեի 
հետ
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի օրից Հայաստանը կդառնա համաշխարհային վերլուծական մտքի կենտրոն՝ պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալելով «Մտքերի գագաթնաժողով» անունը ստացած միջոցառումը:

Դիլիջան քաղաքում այն մեկ հարկի տակ կհավաքի աշխարհի առաջատար քաղաքական ու ռազմական գործիչների, տնտեսագետների ու գործարարների, գիտնականների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների, ովքեր կքննարկեն ժամանակակից աշխարհի մարտահրավերները, կառաջարկեն նոր գաղափարներ և հիմք կդնեն գործընկերային նոր կապերի:

«Արմենպրես»-ը գագաթնաժողովին ընդառաջ զրույցել է միջոցառման կազմակերպչի՝ Monthly Barometer ամսագրի հիմնադիր Թիերի Մալըրեի (Thierry Malleret) հետ, ով պատմել է հավաքն առաջին անգամ Հայաստանում անցկացնելու գաղափարի ծագման, իրենց ակնկալիքների, ինչպես նաև ժամանակակից աշխարհում Հայաստանի դերակատարման մասին:

- Ամեն տարի դուք կազմակերպում եք «Մտքերի գագաթնաժողովը», որը մեկ հարկի տակ է հավաքում տարբեր ոլորտները ներկայացնող դերակատարների ողջ աշխարհից: Մի փոքր պատմեք գագաթնաժողովի մասին:

- «Մտքերի գագաթնաժողովը» Monthly Barometer ամսագրի ամենամյա հավաքն է: Այն կարելի է անվանել «գաղափարների շուկա»՝ ստեղծված զգուշորեն մտածված հատուկ ծրագրի շուրջ, որը բացառիկ հնարավորություն է ընձեռում կիսվել խորաթափանց և մտածելու տեղիք տվող վերլուծություններով այն հրատապ համաշխարհային հարցերի վերաբերյալ, որոնց առերեսվում է ողջ աշխարհը: Հիմնական նպատակն է մեր հյուրերի համար ուղղակի հասանելիություն ապահովել դեպի տարբեր անհատներն ու գաղափարները՝  ապահովելով փոխադարձ վստահության, համագործակցության և բաց խոսակցությունների մթնոլորտ: Թեպետ մշտապես մասնակիցները ականավոր մտածողներ ու որոշում կայացնողներ են, սակայն «Մտքերի գագաթնաժողով»-ին բնորոշ է ընկերական ու ոչ պաշտոնական մթնոլորտը: Ծրագրում ներառված են միջոցառումներ ինչպես ներսում, այնպես էլ դրսում՝ շեշտադրում անելով բարօրության և բնության հետ վերամիավորվելու կարևորության վրա:

Ամենամյա «Մտքերի գագաթնաժողովը» տեղի է ունենում Շամոնիում՝ ֆրանսիական Ալպերի հիասքանչ լեռնային գոտում: Սա կարևոր է, քանի որ ոգեշնչող, ոչ պաշտոնական լեռնային միջավայրը նպաստավոր է ավելի ստեղծարար ու պարզ մտածելակերպի, ավելի լավ որոշումների ընդունման համար: Սա է այն հիմնական պատճառը, թե ինչու է «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ն անցկացվում Դիլիջանում: Ինչպես Շամոնին, այն նույնպես հրաշալի և ոգեշնչող վայր է:

- Այս տարի «Մտքերի գագաթնաժողով»-ը կանցկացվի Հայաստանում՝ առաջին անգամ Ֆրանսիայից դուրս: Ի՞նչն է ընկած գագաթնաժողովն այստեղ կազմակերպելու որոշման հիմքում:

- Հայաստանում գագաթնաժողովը կազմակերպելու գաղափարն ի հայտ եկավ նախորդ տարի սեպտեմբերին Շամոնիում «Մտքերի գագաթնաժողովին» իմ ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խոսակցության արդյունքում: Ես երկար տարիներ է՝ ճանաչում եմ նրան ու հիանում քառակուսուց դուրս մտածելու ու նոր գաղափարներ առաջարկելու նրա կարողությամբ: Շամոնիում նախագահն առաջ քաշեց «քվանտային քաղաքականության» կոնցեպտը, որը մեծ տարածում գտավ (այնքան մեծ, որ Financial Times-ում անմիջապես հոդված տպագրվեց այս նոր հայեցակարգի մասին):  Մենք սկսեցինք ամենայն մանրամասնությամբ քննարկել այն, և մտածել, թե ինչ սոցիալական ու տնտեսական առնչություններ կարող է այն ունենալ: Հենց այսպես էլ ծնվեց գագաթնաժողովը Հայաստան բերելու գաղափարը: Բացի այդ, մեր որոշ հյուրեր հետաքրքրություն ունեին՝ ավելին իմանալու Հայաստանի մասին՝ որպես ներդրումային ուղղություն:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք «Հայկական մտքերի գագաթնաժողով»-ից:

- Մենք ակնկալում ենք Դիլիջանում ունենալ խորաթափանց և անկեղծ խոսակցություն ընդհանրապես աշխարհի ու մասնավորապես Հայաստանի մասին: Նման միջոցառումներից հետո սովորաբար ժամանակի հարց է դառնում, թե երբ կսկսենք տեսնել շոշափելի արդյունքները: «Մտքերի գագաթնաժողովը» մշտապես նույն հանձնառություններն ունի իր հյուրերի նկատմամբ. նրանք հեռանում են գագաթնաժողովից՝ ունենալով առնվազն նոր գաղափար, նոր ընկեր և նոր նախագիծ:

- Մեր երկիրը հարուստ պատմություն ունի և մշտապես կանգնած է եղել հնագույն քաղաքակրթությունների խաչմերուկում: Կարո՞ղ է այսօր Հայաստանը կամուրջի դեր ունենալ Արևելքի ու Արևմուտքի միջև:

- Այո, կարող է: Որքան աշխարհն ավելի բաժանված ու բևեռացված է դառնում, այնքան ավելի մեծ արժեք են ձեռքբերում այն «հանգույցները», որոնք կարող են կապել տարբեր տարածաշրջաններ, մարդկանց, համայնքներ, համակարգեր և այդպես շարունակ: Հայաստանը նման մի հանգույց է՝ շնորհիվ իր հարուստ պատմության, ինտելեկտուալ և սոցիալական կապիտալի:

- Արագ փոփոխվող մեր աշխարհում ի՞նչ դերակատարում կարող է ունենալ Հայաստանը:

- Հայաստանը փոքր երկիր է, որն ունի համաշխարհային ներկայություն կամ կարելի է ասել՝ մեծ հետք թողնող փոքր խաղացող: Սա նշանակալի առավելություն է տալիս: Այո, աշխարհը շատ արագ է փոփոխվում, ընդ որում, փոխվում է շատ բարդ ու անկանխատեսելի ձևով: Սա փոքր երկրներին (որոնք, սովորաբար, միտում ունեն լինելու ավելի ռեակտիվ ու ադապտացվող) առավելություն է տալիս: Հայաստանը հավելյալ առավելություն ունի, քանի որ դրա բնակչությունը ցրված է ողջ աշխարհով մեկ (թեպետ դրա սկզբնական պատճառը մեծ ողբերգությունն էր): Դա նշանակում է, որ այն ողջ աշխարհում ունի «արբանյակներ», ինչի շնորհիվ որոշակի պայմանների առկայության պարագայում դրականորեն կարող է օգտվել ցանցային ազդեցություններից:

- Հնարավո՞ր է, որ «Հայկական մտքերի գագաթնաժողովը» դառնա ամենամյա միջոցառում:

- Ուրախ կլինեի: Ես ձեր երկիր այցելում էի 1990-ականների սկզբին, երբ տնտեսագետ էի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում և երկար տարիներ մտածում էի հետ գալու մասին: Հրաշալի կլինի պարբերաբար «Մտքերի գագաթնաժողովն» անցկացնել Հայաստանում: Ես նաև կցանկանայի նպաստել (ամենահամեստ կերպով) Հայաստանի՝ որպես հիանալի զբոսաշրջային և առողջարարական ուղղության զարգացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]