1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնում ներդրվել է 2Hz ընկերության Krisp համակարգը

«Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնում ներդրվել է 2Hz ընկերության  Krisp համակարգը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոստելեկոմ» և 2Hz (Թու հերց) ընկերությունները հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնի մի քանի տասնյակ համակարգիչներում ներդրվել է Krisp հավելվածը, որը հեռախոսային խոսակցությունների ընթացքում աղմուկը վերացնող ամենաորակյալ տեխնոլոգիան է աշխարհում։ Այն հիմնված է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մեթոդների վրա, որն իրենից ներկայացնում է վիրտուալ միկրոֆոն և սփիկեր համակարգչի համար։

Krisp-ը հանդիսանում է 2Hz հայկական ստարտափ ընկերության առաջին պրոդուկտը։ 2Hz հայկական ստարտափը ստեղծվել է մեկուկես տարի առաջ և մինչ օրս ընկերությունը ներգրավել է ավելի քան երկու միլիոն դոլար ներդրում Սիլիկոնյան Հովտի ներդրողներից։ Արդեն 2018թ․ ավարտին Krisp-ը ճանաչվել է տարվա լավագույն ապրանք միջազգային ProductHunt հարթակում (պլատֆորմում)։

«Հայաստանյան ստարտափների կողմից վերջին տարիներիս ստեղծվում և գործարկվում են ինովացիոն լուծումներ, որոնք եզակի (ունիկալ) են իրենց բնույթով ամբողջ աշխարհում։ Ստարտափները մշտապես եղել են «Ռոստելեկոմ»-ի ուշադրության կենտրոնում, ինչի շնորհիվ մենք համալրել ենք մեր ծառայությունները տարբեր նոր լուծումներով, և այսօր հայտարարում ենք ևս մեկ համագործակցության մեկնարկի մասին՝ մեր Զանգերի կենտրոնում ներդրել ենք 2Hz ընկերության Krisp հավելվածը, որը հնարավորություն է տալիս մեր բաժանորդներին տրամադրել առավել բարձրորակ ծառայություններ։ «Ռոստելեկոմ»-ը առաջին ընկերությունն է Հայաստանում, ով ներդրել է այս ծրագրի բետա տարբերակը, մի քանի շաբաթից՝ նաև ամբողջական տարբերակը։ Համոզված եմ, որ մենք օրինակ կհանդիսանանք հայաստանյան այլ ընկերությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց համար, և նրանք նույնպես կօգտվեն հայաստանյան ծագումով այս բացառիկ հավելվածից»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Krisp Windows հավելվածը Beta տարբերակով արդեն օգտագործվում է «Ռոստելեկոմ»-ի զանգերի կենտրոնում։ Այսպիսով, «Ռոստելեկոմ»-ի հաճախորդները կարող են ունենալ արդյունավետ և անաղմուկ զանգեր։

«Մենք շատ ուրախ ենք «Ռոստելեկոմ»-ի հետ համագործակցության համար։ Ուրախալի է տեսնել, որ մեր արտադրանքը, որն ի սկզբանե նախագծվել է միջազգային շուկաների համար, վայելում է նաև հայկական ընկերությունների հետաքրքրությունը և ակտիվորեն ներդրվում տեղական շուկայում»,— ասել է 2Hz ընկերության համահիմնադիր, տեխնիկական տնօրեն Արտավազդ Մինասյանը։

2Hz-ի Krisp հավելվածը աշխատում է MacOS և Windows համակարգերում։ Krisp-ի միջոցով օգտատերերը կարող են զանգ կատարել  համակարգչից ցանկացած վիդեո հավելվածով՝  Skype, Viber, WhatsApp, Zoom, Webex և այլն։

Զանգի ընթացքում հավելվածը հեռացնում է զանգահարողին շրջապատող աղմուկը զանգի մյուս մասնակիցների համար և մյուս կողմից՝ մասնակիցների շուրջն առկա  աղմուկը՝ զանգահարողի համար։

«Krisp ծրագիրը հնարավորություն է տալիս ապահովելու Զանգերի կենտրոնում հեռախոսային սպասարկման առավել բարձր որակ բոլոր բաժանորդների համար։ Մեզ համար շատ կարևոր է հաճախորդի յուրաքանչյուր բառը, և հավելվածի շնորհիվ մուտքային և ելքային զանգերում չեզոքացվում, կարելի է ասել՝ վերացվում է շրջապատի աղմուկը, ինչի արդյունքում խոսքը երկկողմանի ավելի հստակ ու պարզ է դառնում։ Աղմուկը հեռախոսային օպերատորների համար լուրջ խնդիրներ է առաջացնում, և անգամ միջազգային խոշոր զանգերի կենտրոնները ամենատարբեր ձևերով փորձում են հնարքներ կիրառել, ծախսումներ կատարել խնդրի լուծման համար։ Այժմ արդեն Krisp հավելվածի միջոցով, ընդամենը համակարգչում տեղադրելով, հնարավոր է դառնում լուծել աղմուկի խնդիրը և կենտրոնանալ բուն աշխատանքի շուրջ»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի Հաճախորդների սպասարկման դեպարտամենտի ղեկավար Աննա Անանյանը։

Krisp Windows հավելվածի ամբողջական տարբերակը հասանելի կլինի հունիսի տասներկուսին։

 

***

«Ռոստելեկոմ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am)

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:

2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։

«Ռոստելեկոմ»-ի ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:

Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմ»-ի ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ:

Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

***

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ruՌուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:

Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:

Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:

Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]