Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բաքու հասնելը դժվար է հայերի համար, նաև` վտանգավոր

Բաքու հասնելը դժվար է հայերի համար, նաև` վտանգավոր

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 9-ին, երբ լոնդոնյան «Արսենալ»-ն ու «Չելսի»-ն ՈւԵՖԱ-ի Եվրոպայի Լիգայի՝ Բաքվում կայանալիք եզրափակչի ուղեգիր նվաճեցին, օրեցօր սկսեց աճել բրիտանացի երկրպագուների դժգոհությունը՝ կապված մեծ հեռավորության, ուղիղ չվերթների բացակայության և եզրափակիչ խաղի տոմսերի հետ կապված անախորժ իրավիճակով: Բանն այն է, որ լոնդոնյան թիմերի երկրպագուների համար տրամադրվել էր 6 հազարական տոմս, ինչը զգալիորեն զիջում է տարեկան բաժանորդագիր ունեցող երկրպագուների թվին, սակայն բավարար է Բաքվի օդանավակայանում խնդիրներ առաջացնելու համար. Հ. Ալիևի անվան օդանավակայանն ի զորու է օրական ընդունել ոչ ավել քան 15 հազար ուղևոր: Նման իրավիճակում երկրպագուների մի ստվար զանգված կոչ էր անում բոյկոտել Բաքվի եզրափակիչը, իսկ «Արսենալ»-ին ու «Չելսի»-ին՝ խաղն անցկացնել լոնդոնյան «Ուեմբլի» մարզադաշտում:

Բողոքին զուգահեռ աստիճանաբար ուշադրության կենտրոնում հայտնվեց «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցության հարցը Բաքվում անցկացվելիք եզրափակչին՝ անվտանգության նկատառումներով պայմանավորված: Մայիսի 21-ին՝ ՈւԵՖԱ-ի, Ադրբեջանի և «Արսենալի» միջև բանակցություններից հետո՝ ակումբն ու Մխիթարյանը հայտարարեցին, որ ընտանիքի հետ քննարկումներից հետո Բաքու չմեկնելու վերջնական որոշում է կայացվել:

Նման որոշման կապակցությամբ՝ ՈւԵՖԱ-ն հանդես եկավ հայտարարությամբ. ««Արսենալի» հետ միասին աշխատելով ՈւԵՖԱ-ն փորձել և Ադրբեջանի իշխանություններից ստացել է խաղացողի ապահովության վերաբերյալ երաշխիքներ: Այդ երաշխիքների հիման վրա անվտանգության պլան է մշակվել և տրամադրվել ակումբին: Ակումբը տեղյակ է ՈւԵՖԱ-ի և Ադրբեջանի իշխանությունների գործադրած ջանքերից, և մենք հարգում ենք խաղացողի անձնական որոշումը»: Հայտարարությունը տարածվել էր բրիտանական լրատվամիջոցների կողմից, որոնցից The Sun պարբերականն այն որակել էր «պաթետիկ պատասխան»:

Ընդհանուր առմամբ «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը Մխիթարյանի մասնակցության հարցը տեղեկատվական դաշտում բավական մեծ աղմուկ է բարձրացրել:  Բրիտանական հեղինակավոր BBC, The Guardian, The Telegraph, The Mirror, The Daily Mail, The Sun, իսպանական հեղինակավոր Marca, AS, Mundo Deportivo, ֆրանսիական France 24-ը և մի շարք այլ լրատվականներ անդրադարձել են ստեղծված իրավիճակին: Որոշ դեպքերում կան նաև կոշտ գնահատականներ, օրինակ՝ Marca-ն դատապարտել է այնպիսի մրցավայրի ընտրությունը, որտեղ ֆուտբոլիստը չի կարող գնալ անվտանգության նկատառումներով, և զուգահեռներ տարել 30-ականների հետ:

Հատկանշական է, որ տեղեկատվական այս աղմուկին հակազդելու գործին էին լծվել Ադրբեջանի արտաքին քաղաքական ներկայացուցչությունները՝ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Թահիր Թաղիզադեհի գլխավորությամբ: Չնայած նրանց բոլոր ջանքերին՝ ֆուտբոլային աշխարհի և միջազգային ԶԼՄ-ների դժգոհությունը մեղմել չհաջողվեց: Քննադատությամբ են հանդես եկել բրիտանացի ֆուտբոլային լեգենդներ Յան Ռայթը, Գարի Լինեկերը, լրագրողներ և երկրպագուներ: Բրիտանացի հայտնի լրագրող, «Արսենալի» երկրպագու Փիրս Մորգանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում պարբերաբար գրառումներ է կատարում՝ կոչ անելով բոյկոտել եզրափակիչը: Ռուսաստանցի լրագրող, սպորտային մեկնաբան Վասիլի Ուտկինը ևս «Թվիթեր»-ի միկրոբլոգում իր հիասթափությունն է հայտնել Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին և հրաժարվել մեկնել Բաքու՝ վերադարձնելով ինքնաթիռի, սակայն պահպանելով խաղի տոմսը՝ «որպես հիմարության դրսևորման հիշատակ»:

Պաշտոնական Բաքուն վերջին տարիներին մեծ ջանքեր է գործադրում և հսկայական ռեսուրսներ է ծախսում մեծածավալ մարզական, երաժշտական միջոցառումներ հյուրընկալելու ուղղությամբ, որոնք, ըստ նրանց համոզման, կարող են նպաստել Ադրբեջանի միջազգային հեղինակության բարձրացմանը: Եվրոպայի լիգայի եզրափակիչը ևս պետք է դիտարկել այս շարքում: Սակայն, Մխիթարյանի շուրջ ստեղծված անախորժ իրավիճակը և միջազգային աղմուկը, կարծես խառնեցին Բաքվի հաշվարկները և ի ցույց դրեցին Ադրբեջանում առկա հայատյացությունը: Միջազգային մի շարք հեղինակավոր պարբերականներում արդեն իսկ տեղ են գտել հրապարակումներ, թե ինչպես է Ադրբեջանը մերժում  վիզա տրամադրել Մեծ Բրիտանիայի և Հայաստանի քաղաքացի հանդիսացող, հայկական ազգանուններ կամ անգամ դրանց նման ազգանուններ ունեցող անձանց:

Ստեղծված իրավիճակը Բաքվի համար նաև որոշակի քննություն էր, թե որքանով է նա հավատարիմ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառությանը: Սակայն, ինչպես և կարելի էր ակնկալել, Ադրբեջանում հայատյացությունը կրկին հաղթեց բանականությանը:

Հայատյացության նոր ալիքի հնարավոր է ականատես լինենք մայիսի 29-ին՝ Բաքվի Օլիմպիական մարզադաշտում. «Արսենալի» Canon Crested ֆան ակումբը պատրաստվում է Մխիթարյանի 6000 դիմակ տանել Բաքու, բաժանել Արսենալի երկրպագուներին և 7-րդ ու 77-րդ րոպեներին ցուցադրել դրանք: Ինչպիսին կլինի ադրբեջանցի երկրպագուների արձագանքն այդ ակցիային՝ բարդ է կանխատեսել:

Վլադիմիր Մարտիրոսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]