Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հունիս

Գավառ քաղաքի պատվիրակությունը մասնակցեց Նովոռոսիյսկ քաղաքի հայկական համայնքի կազմակերպած միջոցառումներին


ԳԱՎԱՌ 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջերս Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքում մեծ շուքով նշվեց տեղի հայկական համայնքի «Լույս» կազմակերպության հիմնադրման 30 ամյակը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, Նովոռոսիյսկի հայկական համայնքի հրավերով տոնական միջոցառումներին մասնակցեց նաեւ Գավառ քաղաքի պատվիրակությունը՝ քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ: Պատվիրակության մեջ ընդգրկված էին նաեւ Գավառի արվեստի եւ երաժշտական դպրոցների երգիչներ, անհատ կատարողներ, ովքեր հանդես են եկել տոնական միջոցառումների ընթացքում:

«Հայկական համայնքի «Լույս»  կազմակերպության հիմնադրման 30 - ամյա հոբելյանի առթիվ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին տրվել է «Բարեկամության մեդալ, որը հանձնել է Կրասնոդար երկրամասի հայկական  համայնքի ղեկավար, Գավառի պատվավոր քաղաքացի  Յուրի Խաչատուրովը: Գուրգեն Մարտիրոսյանին հանձնվել է նաև խորհրդանշական հուշանվեր: Իր հերթին Գավառի քաղաքապետը պատվոգիր է հանձնել Նովոռոսիյսկում հայկական համայնքի ղեկավար Վլադիմիր Մխիթարյանին՝ «Լույս»  կազմակերպության գործունեությունը լավագույնս իրականացնելու համար: Գուրգեն Մարտիրոսյանը հանդես է եկել նաև շնորհավորական խոսքով, շեշտելով, որ տեղի հայկական համայնքը մեծ ջանքեր է ներդնում մայրենի լեզուն ու հայկական արժեքները պահպանելու ուղղությամբ՝ միաժամանակ նպաստելով Գավառ ու Նովոռոսիյսկ քաղաքների եղբայրացման ու համագործակցության հաստատմանը»,-ներկայացրեց Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ալվարդ Մանուկյանը: Հավելենք, որ Գավառ ու Նովոռոսյիսկ քաղաքների միջեւ եղբայրացման ու բարեկամության համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2010 թվականից:

Խոսրով Խլղաթյան




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ