Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հունիս

ՈՒԵՖԱ-ն հավելյալ մեկնաբանություններ չունի. «Արմենպրես»-ը՝ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի հետքերով  


ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ն հավելյալ մեկնաբանություններ չի տալիս Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը Բաքվում անցկացնելու որոշմամբ պայմանավորված Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Երբ Լոնդոնի «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատեց, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը Բաքվում՝ ելնելով անվտանգության նկատառումներից, խաղը Բաքվում անցկացնելու որոշումն ավելի փոթորկեց երկրպագուների և բազմաթիվ սպորտային մեկնաբանների ու ֆուտբոլային վերլուծաբանների դժգոհությունը: Ֆուտբոլային վերլուծաբանների կողմից հնչել են անգամ հանդիպումը երկու ակումբների կողմից բոյկոտելու առաջարկներ: Եթե, այնուամենայնիվ, երկու ակումբները Բաքվում կայանալիք եզրափակիչը բոյկոտելու որոշում ընդունեն, ի՞նչ քայլեր կձեռնարկի ՈՒԵՖԱ-ն այդ դեպքում, ի՞նչ գործողություններ են դրան հաջորդելու: Հաշվի առնելով առկա դժգոհությունները՝ ՈՒԵՖԱ-ն քննարկո՞ւմ է Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպման վայրը փոխելու հարց: «Արմենպրես»-ի այս հարցերին ի պատասխան ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ մայիսի 21-ին խնդրի հետ կապված հայտարարությունից դուրս հավելյալ մեկնաբանություն չունեն: «Մենք հարցի հետ կապված երեկ արված հայտարարությունից դուրս այլ մեկնաբանություն չունենք»,- ասված է ՈՒԵՖԱ-ի պատասխանի մեջ:

Մայիսի 21-ին ՈՒԵՖԱ-ն արդեն հայտարարել էր. «Աշխատելով «Արսենալ»-ի հետ՝ ՈՒԵՖԱ-ն դիմել և Ադրբեջանի իշխանություններից ստացել է ֆուտբոլիստի անվտանգությունը երաշխավորելու հավաստիացումը: Այդ երաշխիքների արդյունքում մշակվել և ակումբին է տրամադրվել անվտանգության միջոցառումների համակարգային պլան: Չնայած ակումբը ընդունում է հարցի հետ կապված ջանքերը, որ գործադրել են ՈՒԵՖԱ-ն և Ադրբեջանի կառավարությունը, մենք հարգում ենք խաղացողի՝ թիմի հետ չմեկնելու անձնական որոշումը»:

Հաշվի առնելով երկրպագուների, սպորտային մեկնաբանների, լրագրողների և ֆուտբոլային վերլուծաբանների շրջանում առաջացած դժգոհությունները՝ «Արմենպրես»-ը հավելյալ պարզաբանումներ ստանալու համար հարցեր է ուղարկել նաև Եվրոպայի լիգայի եզրափակչի մասնակից ակումբներին՝ «Արսենալ»-ին և «Չելսի»-ին:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը Բաքվում անցկացնելու որոշման համար երկրպագուներն և ֆուտբոլային հանրությունը իրենց դժգոհությունն են հայտնում այն հանգամանքի կապակցությամբ, որ ավելի քան 68 հազար մարդ տեղավորող մարզադաշտում «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուների համար հատկացվել է ընդամենը 12 հազար տոմս: Երկրպագուները դժգոհել են նաև Բաքվի հյուրանոցների առաջարկած բարձր գներից, ոմանք հետ են տվել տոմսերը և խաղի օրը Բաքու չեն մեկնի:

Այս ընթացքում սպորտային որոշ մեկնաբաններ երկու ակումբներին առաջարկել են բոյկոտել Բաքվում կայանալիք եզրափակիչը: «Արմենպրես»-ը դիմել է «Չելսի»-ին և «Արսենալ»-ին՝ հասկանալու վերոնշյալ առաջարկի հետ կապված ակումբների դիրքորոշումը: Ակումբների պատասխանը ստանալու դեպքում կհրապարակենք:

Թեև ՈՒԵՖԱ-ն հավելյալ մեկնաբանություններ չի տալիս, սակայն անելիք կունենա այն դեպքում, եթե երկու ակումբները Բաքվի եզրափակիչը բոյկոտելու որոշում ընդունեն: Չի բացառվում, որ ակումբները նման որոշում կայացնեն՝ հաշվի առնելով երկու ակումբների երկրպագուների շրջանում հասունացած դժգոհությունը և ԶԼՄ-ներում բարձրացած աղմուկը Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: Եվրոպայի լիգայի հաղթողը հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում խաղալու իրավունք կստանա: «Չելսի»-ն Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված առաջնությունում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը և ստացել է հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունք, մինչդեռ «Արսենալ»-ը զբաղեցրել է 5-րդ տեղը, ինչը Չեմպիոնների լիգային մասնակցելու ուղեգիր թիմին չի տալիս: Հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հանդես գալու «Արսենալ»-ի միակ հույսը Եվրոպայի լիգայում հաղթանակն է:

Շանթ Խղլաթյան

Ստեփան Քոչարյան




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ