Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

60 տարի բեմում. ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը Երևանում հանդես է գալիս համերգով

60 տարի բեմում. ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը Երևանում հանդես է գալիս  
համերգով

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը Երևանի Ա. Խաչատրյան համերգասրահում հանդես կգա իր բեմական գործունեության 60 –ամյակին նվիրված համերգով: Ռոզի Արմենը հանդես կգա Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային  և սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյան:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երվանդ Երզնկյանը նշեց, որ «60 տարի բեմում» խորագրով համերգին  Ռոզի Արմենը հանդիսատեսին կներկայացնի տարբեր տարիների սիրված երկու տասնյակից ավելի երգ:

«Երբ ինձ առաջարկեցին կազմակերպել Ռոզի Արմենի համերգը , ես շատ ուրախացա: Նա եզակի երգչուհիներից է, ով կենդանի կատարմամբ հանդես է գալու երկու բաժնից բաղկացած համերգով: Ծրագիրը բավական հետաքրքիր է, ներկայացվելու են տարբեր ժամանակների երգեր՝ գործիքավորման որոշակի փոփոխություններով: Ե՛վ նվագախումբն է լավ պատրաստված, և՛ Ռոզի Արմենն է լավ մարզավիճակում: Մայիսի 25-ին մեր հանդիսատեսին կմատուցենք Ռոզի Արմենի լավագույն կատարումները»,-ասաց Երվանդ Երզնկյանը:

Ռոզի Արմենը նշեց, որ համերգին կլինեն նաև նոր երգեր, ինչպես նաև դուետներ: Երգչուհին մեծ հուզմունքով է սպասում համերգին, քանի երկար տարիներ Հայաստանում չի երգել: Առաջին անգամ Հայաստանում եղել է 1965 թվականին, երբ ունեցավ շատ հաջողված համերգ: Հնարավորություն ունեցավ ծանոթանալու հայ մեծերի հետ, բարեկամանալու Առնո Բաբաջանյանի հետ: Այնուհետև եղան հրավերներ Ռուսաստանից, որի տարբեր քաղաքներում Ռոզի Արմենը համերգներով հանդես եկավ: Վերջին անգամ Հայաստանում երգել է 1991 թվականին:

«Այդ ժամանակ երկրաշարժից հետո էր, Հայաստանի համար դժվարին իրավիճակ էր: Այսօր մեծ հիացմունքով եմ նայում փոփոխություններին, հիմա Հայաստանը բոլորովին այլ է: Իմ վերջին համերգից հետո նոր սերունդներ են եկել, միգուցե շատերը լավ ծանոթ չեն իմ արվեստին: Հուզմունքով եմ սպասում համերգին: Թեպետ, ես 60 տարի բեմում եմ, սակայն փորձ ձեռքբերելու հետ մեկտեղ ամեն անգամ բեմ բարձրանալիս հուզմունքը մեծանում է, չէ՞ որ հանդիսատեսը ավելի բծախնդիր է դառնում»,-ասաց Ռոզի Արմենը:

Անդրադառնալով իր անցած ուղուն Ռոզի Արմենը նշեց, որ հաջողություններով ու դժվարություններով կյանք է ունեցել: Հիշում է՝ ինչ-որ մի փուլում հասկացավ, որ պետք է ընտանիքի կողքին լինել:

«Երբ մի անգամ համերգային տուրերից վերադարձա, տղաս այդ ժամանակ փոքր էր, մոտեցա, որ գրկեմ, նա հեռու գնաց, կարծես, չէր ճանաչում: Ես հասկացա, որ պետք է ընտանիքիս կողքին լինեմ: Որոշեցի, որ մի որոշ ժամանակ թողնել բեմը: Տարիներ անց վիրահատություն տարա և կրկին չէի երգում: Հետո տղաներս, որոնցից մեկը, ի դեպ, երաժիշտ է, նրա ընկերները ինձ խրախուսեցին, աջակցեցին և ես վերադարձա բեմ, ինչի համար շատ ուրախ եմ»,-ասաց Ռոզի Արմենը:

Ֆրանսահայ երգչուհին իրեն երջանիկ մարդ է համարում, նա շարունակում է երազել, իր առջև նպատակներ դնել: Առաջիկայում ևս համերգային ծրագրեր են սպասվում Վրաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]