Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունիս

«Վարդա» գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած սպանության գործի վարույթը կարճվել է. ակումբի տնօրենի կողմից իրականացվել է անհրաժեշտ պաշտպանություն


ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քրեական գործի վարույթը կարճվել է։

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ օգոստոսի 6-ի վաղ առավոտյան ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխավան ավտոճանապարհին՝ «Վարդա» գիշերային ակումբի մոտ, դանակահարություն է տեղի ունեցել։

Անմիջապես դեպքի վայր էր մեկնել քննչական-օպերատիվ խումբը և հայտնաբերել երիտասարդի դի՝ բռնության հետքերով, որովայնի շրջանում կտրած-ծակած վնասվածքով։

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Պարզվել էր, որ մահացածն Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Արթուր Սահակյանն է: Վերջինս ճանաչվել էր տուժող:

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նույն վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ էր ստացել նաև ակումբի 34-ամյա տնօրենը:

Քրեական գործով իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ, էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական, դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատամիկրոմասնիկային, դատանյութագիտական, որոնց եզարկացություններն ստացվել են:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ  2018 թվականի օգոստոսի 6-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արարատի մարզի Այնթապ գյուղի հատվածում գտնվող «Վարդա» գիշերային ակումբի դիմաց, վիճաբանություն է տեղի ունեցել Արթուր Սահակյանի և ակումբի տնօրենի միջև, որի ժամանակ վերջիններս միմյանց դանակներով հարվածներ են հասցրել:

Նախաքննության ընթացքում պարզվել է վիճաբանության շարժառիթը:

Ըստ քննության տվյալների՝ ակումբի տնօրենը և Արթուր Սահակյանը վերջինիս կողմից «Վարդա» գիշերային ակումբ հաճախելու, ակումբի աշխատակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, հիշյալ ակումբում հետագայում վճարելու պայմանով ժամանց անցկացնելու պատճառով գտնվել են անհաշտ հարաբերությունների մեջ, և ակումբի տնօրենն արգելել է նրա մուտքը գիշերային ակումբ:

2018 թվականի օգոստոսի 06-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, Արթուր Սահակյանը, իր ընկերների հետ միասին, ժամանել է նշված գիշերային ակումբ, մուտք գործել ակումբի նախասրահ, որտեղ ակումբի աշխատակիցն արգելել է նրա մուտքը ակումբ:

Պարզաբանումներ պահանջելու նպատակով Արթուր Սահակյանը գնացել է ակումբի տնօրենի աշխատասենյակ, որտեղ տեղի ունեցած խոսակցության ժամանակ վերջինս կրկին արգելել է նրա մուտքը գիշերային ակումբ:

Նույն օրը՝ ժամը՝ 04-ից  05:30-ի սահմաններում, Արթուր Սահակյանը միայնակ վերադարձել է գիշերային ակումբ և իրեն գիշերային ակումբ չթողնելու դրդապատճառով վիճաբանել ակումբի տնօրենի հետ: Այդ ընթացքում սուր կտրող-ծակող գործիքներով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:

Պարզվել է, որ  Արթուր Սահակյանը դանակով հարվածել է ակումբի տնօրենի կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանին՝ գլխի հատվածին, ճակատաքունքային շրջանին: Իսկ ակումբի տնօրենը, այլընտրանք չունենալով, գիտակցելով, որ Արթուր Սահակյանը չի դադարեցնում ոտնձգությունը ուղղված իր կյանքի  դեմ, բռնել է վերջինիս ձեռքը և խլել դանակը: Այդ ընթացքում Ա.Սահակյանը մյուս ձեռքի դանակը շարունակել է թափահարել տնօրենի ուղղությամբ, իսկ վերջինս էլ, արդեն իսկ ուժասպառ լինելով և այլևս չկարողանալով բռունցքներով պաշտպանվել, Արթուր Սահակյանի ձեռքից խլած դանակով փորձել է հարվածել վերջինիս ոտքին՝ փորձելով հանգստացնել նրան, սակայն հարվածը դիպել է նրա որովայնի հատվածին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք, որի հետևանքով Ա. Սահակյանը մահացել է ծանր հեմոռագիկ շոկից՝ առաջ բերելով արտաքին և ներքին սուր, մասիվ արյունահոսություն:

2018 թվականի օգոստոսի 06-ին ակումբի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

2018 թվականի նոյեմբերի 5-ին Արարատի մարզի դատախազի տեղակալի որոշմամբ ակումբի տնօրենի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:

Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։

Վարույթն իրականացնող մարմինը քննչական գործողությունների կատարման ճանապարհով գործով հավաքված ապացույցները ենթարկել է բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման՝ ձեռք բերված ապացույցների վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով, մի շարք վերաբերելի նախադեպային որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների կիրառելիության պատճառաբանություններով որոշում կայացրել՝ հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու, կիրառված խափանման միջոցը վերացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին:

Այսպիսով՝ քրեական գործով կատարված նախաքննությամբ ամփոփելով ձեռք բերված ապացույցները՝ հիմնավորվել է, որ մեղադրյալի գործողությունները առերևույթ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններին:

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով բազմակողմանի քննության արդյունքում քրեական գործով ձեռք բերված ապացույցները՝ մեղադրյալի՝ գիշերային ակումբի 34-ամյա տնօրենի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված կարգով (անհրաժեշտ պաշտպանությունը), վնաս պատճառած արարքը քրեական օրենքով իրավաչափ համարվելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով:

Հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու, կիրառված խափանման միջոցը վերացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին քննիչի որոշումը քրեական գործի հետ միասին ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ