Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սեր, նվիրում, հոգատարություն. Քրիստ Մանարյանի «Իմ սիրտը քոնն է, Միքայել» ֆիլմը բարձրացավ մեծ էկրան

Սեր, նվիրում, հոգատարություն. Քրիստ Մանարյանի «Իմ սիրտը քոնն է, Միքայել» ֆիլմը 
բարձրացավ մեծ էկրան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռեժիսոր, սցենարիստ, երգահան Քրիստ Մանարյանի «Իմ սիրտը քոնն է, Միքայել» ֆիլմը պատմում է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ուսանողների հետաքրքիր և բուռն կյանքի մասին: Սեր, անձնվիրություն, ներողամտություն. ֆիլմի միջոցով ռեժիսորը հորդորում է սիրել անկախ հանգամանքներից: Կինոնկարի գլխավոր դերակատարներն են Մելինե Ապիկյանը, Կարեն Կոլոսովը, Տիգրան Դավթյանը, Արթուր Մելիքյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կինոնկարի պրեմիերան տեղի ունեցավ մայիսի 21-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

«Այս ֆիլմով ցանկանում ենք ասել, որ պետք է սիրել անձնվիրաբար, առանց հաշվարկների, սրտի թելադրանքով: Մարդն ավելի երջանիկ է, երբ սիրում է, քան երբ սիրված է: Սիրիր և նվիրվիր, թե դրանից հետո ի՞նչ կլինի, թող Աստվածները որոշեն»,- նշեց Մանարյանն ու շնորհակալություն հայտնեց այն բոլոր մարդկանց, որոնք եղել են իր կողքին ու աջակցել են ֆիլմի ստեղծմանը:

Ֆիլմում հիմնականում ընդգրկված են Մանարյանի ուսանողները, որոնք սովորում են Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում:

Նրանցից Մելինե Ապիկյանը խոստովանեց, որ Նոյեմին, ում մարմնավորում է, բազմաթիվ նմանություններ ունի իր հետ: «Նոյեմին նախաձեռնող է: Այդպիսին եմ և ես. լիդեր, մարդկանց համախմբող, բայց և հավասարակշռված ու համեստ: Նոյեմին ավելի վճռական է սերը, զգացմունքներն արտահայտելու հարցում, այնինչ ես ավելի զուսպ եմ»,-ասաց դերասանուհին ու հավելեց, որ կուզեր իրական կյանքում Նոյեմիները շատ լինեն, քանի որ նա սովորեցնում է սիրել առանց բայցերի, սիրել առանց ակնկալիքների, լինել լավ ընկեր, լավ դուստր:

Խոսելով Մանարյանի հետ համագործակցության մասին՝ նա ընդգծեց, որ շատ հետաքրքիր, միևնույն ժամանակ պարտավորեցնող էր Մանարյանի հետ աշխատելը: «Մի փոքր բարդ էր, քանի որ ես էլ եմ ապագա ռեժիսոր և իմ ռեժիսորական ամբիցիաներն ինձ մի փոքր խանգարում էին, սակայն Մանարյանը կարողանում էր ամեն ինչ իր ձեռքը վերցնել: Այնպես որ մեր ֆիլմն անկեղծ է, երևանյան է՝  հարուստ հրաշալի երաժշտությամբ, որի հեղինակը Քրիստ Մանարյանն է»,-եզրափակեց Ապիկյանը:

«Իմ սիրտը քոնն է, Միքայել» կինոնկարում քոլեջի երիտասարդ ուսանողուհին փորձում է փրկել իր սիրած տղայի կյանքը, որը շտապ վիրահատության կարիք ունի:

Ֆիլմը երևանյան է, նրանում կա սեր, դավաճանություն, ընկերասիրություն ու  լավ երաժշտություն, նախատեսված է երիտասարդ, միջին ու ավագ սերնդի դիտման համար:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]