Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՄ-ն Փաշինյանի հայտարարությունը համարում է բարեփոխումներ իրականացնելու ամուր հանձնառություն և հայտնում համակողմանի աջակցություն

ԵՄ-ն Փաշինյանի հայտարարությունը համարում է բարեփոխումներ իրականացնելու 
ամուր հանձնառություն և հայտնում համակողմանի աջակցություն

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը դատաիրավական համակարգի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 20-ի հայտարարությունը համարում է բարեփոխումներ իրականացնելու ամուր հանձնառություն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Մենք հնարավորություն չենք ունեցել Հայաստանի կառավարության, Արդարադատության նախարարի կամ այլ մարդկանց հետ մանրամասն քննարկել հարցը: Համենայնդեպս, քաղաքականապես որպես հայտարարություն, կարծում եմ, այն ինչ վարչապետը նշել է, մեզ համար շատ պարզ է: Այն շատ աներկբա և շատ ամուր հանձնառություն է՝ արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ: Այսօր Արդարադատության նախարարը խոսել է վեթթինգի մասին՝ ներկայացնելով ալբանական մոդելը: Ինչպես գիտեք, Եվրամիությունը սերտորեն աշխատել է ալբանական կառավարության հետ՝ մշակելով այսպես կոչված ալբանական մոդելը, և այսօր այդ վեթթինգի մոդելն աջակցություն է ստանում Եվրամիության կողմից: Սա հայկական կողմի համար հաշվի առնելու հնարավորություն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Սվիտալսկին:

Նրա խոսքով, ինչպես Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է նշել՝ բարեփոխումների այս մոդելը աջակցություն, հաստատում է ստացել նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից, մասնավորապես, այն համարվել է դրական: «Եթե Հայաստանի կառավարությունն այս ճանապարհով է ցանկանում գնալ՝ մենք պատրաստ ենք աջակցել: Բայց մենք դեռ չենք քննարկել»,- ասաց դեսպանը:

Պյոտր Սվիտալսկին ընդգծեց՝ ԵՄ-ն հավատում է, որ Հայաստանում արդարադատության ոլորտում բարեփոխումները կենսական նշանակություն ունեն ապագայի տեսանկյունից: «Կարող եմ ասել, որ խորը և համապարփակ բարեփոխումներն արդարադատության ոլորտում էական նշանակություն ունեն ձեր ապագայի համար մի շարք պատճառներով, բայց առաջին պատճառն այն է, որ հայ ժողովուրդը չի վստահում դատարաններին: Անցյալ տարիներին Եվրամիությունը ֆինանսապես աջակցել է անկախ ուսումնասիրությունների անցկացմանը, որոնք փաստել են, որ չափազանց շատ հայեր չեն վստահում դատարաններին:

Եվ մենք այսօր հրապարակել ենք գործընկերության հաշվետվությունը, դուք կարող եք այնտեղ գլուխներ գտնել, որ վերաբերվում են այլ կառույցներին, որոնցում նաև նշված է, որ Հայաստանն ունի խնդիր. չափազանց շատ մարդիկ չեն վստահում դատարաններին: Հետևաբար, ձեզ պետք են բարեփոխումներ՝ հանրության վստահությունը վերականգնելու համար: Հավատացած ենք, որ բարեփոխումները պետք է իրականացվեն՝ հարգելով Սահմանադրությունը, Հայաստանի միջազգային հանձնառությունները, ներառյալ Եվրախորհրդում անդամակցության տեսանկյունից, հարգելով մեր համատեղ հանձնառությունները, մասնավորապես, արդարադատության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ»,- նշեց դեսպանը:

Պյոտր Սվիտալսկին հավելեց, որ կարող է ևս մեկ անգամ պաշտոնապես ստանձնել հետևյալ դիրքորոշումը. «Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին արդարադատության ոլորտում խորը և համապարփակ բարեփոխումների համար՝ տեխնիկական կամ խորհրդատվական աջակցությամբ, բավականին ծավալուն ֆինանսական աջակցությամբ: Մենք մեծապես աջակցում ենք վարչապետի կողմից ստանձնած պարտավորություններին արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Սա չափազանց լուրջ հանձնառություն է: Մենք երբեք որևէ բան չենք պարտադրում, բայց Հայաստանի կառավարությունը պետք է իմանա, որ կարող է վստահել մեր աջակցությանը այս բարեփոխումների իրականացման ընթացքում՝ հենց այս սկզբունքների հիման վրա»:

Նա նշեց, որ ԵՄ-ն ՀՀ կառավարչությանը խրախուսում է մշակել բարեփոխումները ներառական երկխոսության հիման վրա՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

Հարցին, թե ինչու ՀՀ-ում ժողովուրդը չեն վստահում դատարաններին՝ դեսպանը պատասխանեց. «Երկու հիմնական պատճառները հետևյալն են. անցյալի կոռուպցիան և դատարանների քաղաքական կախվածությունը, քաղաքական մանիպուլյացիաները: Սա Եվրամիության պաշտոնական կարծիքն է»:

 

      


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]