Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրոպայի օրերի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց Բեթհովենի Իններորդ սիմֆոնիան

Եվրոպայի օրերի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 
կատարեց Բեթհովենի Իններորդ սիմֆոնիան

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի օրվա առթիվ մայիսի 21-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը  և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը հանդես եկան համերգային ծրագրով: Նվագախումբը հնչեցրեց  Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` որպես մենակատարներ հանդես եկան սոպրանո Սոֆյա Սայադյանը, մեցցո-սոպրանո Սոլջերդ Իսալավը, տենոր Իվալյո Միխայլովը, բաս Սերգեյ Կովնիրը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր ողջույնի խոսքը սկսեց` հայերենով և անգլերենով ասմունքելով Բաղդասար Դպիրի «Տաղ ուրախության» բանաստեղծությունը:

«Երբեմն Եվրոպայի օրը ցույց է տալիս մեր ափսոսանքը այն դառը անցյալի համար, որն ունեցել ենք, բայց նաև ընդգծում է մեր ընդհանուր նկրտումները խաղաղության, համերաշխության և ընդհանուր ինքնության ու պատվի վերաբերյալ: Այս օրը եվրոպացիներիս համար շատ կարևոր  է: Այն հիշեցնում է, որ անհրաժեշտ է  պաշտպանել Եվրոպական միությունը, այն դարձնել ավելի ամուր»,-նշեց դեսպանը:

Նա շեշտեց, որ Եվրոպական միությունը լավագույնն է, ինչ Եվրոպան ստեղծել է իր ամբողջ պատմության ընթացքում:

Անդրադառնալով համերգային ծրագրին և սիմֆոնիկ նվագախմբին` Սվիտալսկին խոստովանեց, որ ամենավառ հիշողությունը, որ տանելու է Հայաստանից  «Երուսաղեմի յոթ հրաշալիքները» ստեղծագործության սիմֆոնիկ նվագախմբի կատարումն է:

«Ինչ վերաբերում է Իններորդ սիմֆոնիային, ապա շեշտեմ, որ այն ավելին է, քան Եվրոպական միության հիմնի լիարժեք տարբերակը: Դա հաճույքի 74 րոպե է: Իններորդ սիմֆոնիան ունի համաշխարհային նշանակություն. այն պահում է Եվրոպային միասնական, միավորում է քաղաքական դաշտի աջ ու ձախ կողմերը»,-ասաց դեսպանը:

Համերգին ներկա էր 200 երեխա Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերից:

Եվրոպական միության ստեղծման ուղղությամբ առաջին քայլը կատարվել է 1950 թվականի մայիսի 9-ին: Այդ օրը Փարիզում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանը միջազգային մամուլին դիմեց հռչակագրով, որով կոչ էր անում Ֆրանսիային, Գերմանիային և եվրոպական այլ երկրներին միավորել իրենց ածխի ու պողպատի արտադրությունը` որպես «եվրոպական դաշնության առաջին կոնկրետ հիմք»: Նա առաջարկում էր ստեղծել վերազգային եվրոպական կառույց, որը կտնօրիներ այն ժամանակ ռազմական ուժի հիմքը հանդիսացող ածխի ու պողպատի արտադրությունը:

1985 թվականին Միլանում կայացած ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում որոշում ընդունվեց մայիսի 9-ը նշել որպես Եվրոպայի օր: Յուրաքանչյուր երկիր, որը ժողովրդավարական կարգով որոշում է անդամակցել Եվրոպական միությանը, հաստատում է  խաղաղության և համերաշխության հիմնարար արժեքներին իր հավատարմությունը:

 

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]