Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս

Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն անցկացրեց հանրակրթական դպրոցների տնօրենների հետ


ԳԱՎԱՌ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խորհրդակցություն անցկացրեց Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ:  «Արմենպրես»-ի տեղեկացմամբ ՝ մարզպետը նախ անդրադարձավ մայիսի 24-ին կայանալիք «Վերջին  զանգ» եւ «Վերջին դաս» միջոցառումների կազմակերպմանը եւ անցկացմանը, հորդորելով՝ միջոցառումների ընթացքում   խիստ վերահսկողություն սահմանել  ավարտական դասարանների աշակերտների վարքագծի նկատմամբ:

«Վերջին զանգի միջոցառումների ընթացքում  խնդրում եմ ուշադրություն դարձնել, որպեսզի   շրջանավարտների մոտ անցանկալի  միջադեպեր չգրանցվեն, եւ ամեն ինչ ընթանա   խաղաղ մթնոլորտում ու բարձր տրամադրությամբ : Ծնողներին եւս ներգրավեք  այդ աշխատանքներում: Միջոցառումների ընթացքը կվերահսկեն նաև  ոստիկանության եւ մարզպետարանի աշխատակիցները: Առաջարկում եմ՝ խիստ ուշադրություն դարձնել  նաեւ  ավարտական քննությունների կազմակերպչական աշխատանքներին, քանզի նման  օրերին մենք տարբեր համայնքներում ապահովելու ենք մոտ 1600  շրջանավարտի տեղաշարժը»,- նշեց Գնել Սանոսյանը:

Դիմելով հանրակրթական դպրոցների տնօրեններին՝ «dasaran.am » կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանն անդրադարձավ հանրակրթական դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների համար ստեղծված  աբոնեմենտային օնլայն ծառայությունից օգտվելու ծրագրին, տեղեկացնելով, որ պետությունը ուսուցչին եւ աշակերտին հնարավորություն է ընձեռել՝   էլեկտրոնային տարբերակով պլանավորել  իրենց մշակութային կյանքը եւ մինչեւ հուլիսի 30-ը այցելել  2-3 մշակութային հաստատություն: Ըստ բանախոսի՝ «dasaran.am» կրթական ծրագիրը   հանրակրթական դպրոցների ուսուցիչների,  ծնողների եւ աշակերտների շրջանում կազմակերպում է եվրոպական չափանիշներին համապատասխան վերապատրաստումներ, որոնց, ցանկության դեպքում, կարող են մասնակցել նաեւ Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչները:  

Հանրակրթական դպրոցներում սանիտարական նորմերի խախտման  եւ դրանց վերաբերյալ  կազմված  վարչական վարույթներին  անդրադարձավ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի արեւմտյան տարածաշրջանի պետի պաշտոնակատար Անուշ Պողոսյանը: Դպրոցներում սանիտարական նորմերի խախտումները բացառելու նպատակով  հանձնարարվեց տնօրեններին՝ սերտորեն  համագործակցել համայնքապետարանների եւ համայնքում գործող առողջապահական առաջնային  պահպանման օղակների հետ:

Հանդիպման ընթացքում մարզպետ Գնել Սանոսյանը  անդրադարձավ   աշխատանքային կարգապահությանը, խոսեց դպրոցների  տնօրենների պաշտոնների համար  կազմակերպվող վերապատրաստումների    եւ  դրանց  արդյունքում հավաստագրերի  ձեռքբերման մասին, հորդորելով՝ չխոչընդոտել  դպրոցներում դասավանդող  մանկավարժների՝  վերապատրաստումներին մասնակցելու դիմումներին: Մարզպետը խոսեց նաև դպրոցներում մանկավարժական կադրերի նշանակման, դպրոցական բուֆետների  եւ դպրոցական խմբակների գործունեության իրավական գործընթացների ապահովման,  ուսումնական տարին բարձր ցուցանիշներով փակելու եւ այլ հարցերի շուրջ:

Հանդիպման ավարտին Գնել Սանոսյանը  շնորհակալություն հայտնեց  մարզից հանրապետական օլիմպիադաներում  մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներին, նրանց տնօրեններին և ուսուցիչներին:

Խոսրով Խլղաթյան




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ