Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Ադրբեջանի կողմից Մխիթարյանի ու հայկական ծագում ունեցող երկրպագուների նկատմամբ քայլը ՀՀ ԱԳՆ-ն համարում է ռասիզմի նոր դրսևորում

Ադրբեջանի կողմից Մխիթարյանի ու հայկական ծագում ունեցող երկրպագուների 
նկատմամբ քայլը ՀՀ ԱԳՆ-ն համարում է ռասիզմի նոր դրսևորում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի կողմից Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու համար անվտանգության բավարար երաշխիքներ չտալն ու ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքն Ադրբեջան արգելելը ռասիզմի նոր դրսևորում է համարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Եթե ադրբեջանական կողմից համապատասխան անվտանգության երաշխիքներ տրվեին, որոնք կբավարարեին և՛ Հենրիխ Մխիթարյանին, և՛ իր թիմին, ապա արտաքին գործերի նախարարությունը որևէ առարկություն չունի Հենրիխ Մխիթարյանի մասնակցությանը Բաքվում կայանալիք խաղին»,- ասաց Նաղդալյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքն իրենց երկիր արգելելուն, Աննա Նաղդալյանը նշեց, որ այդ հարցը Հայաստանի կողմից բարձրացվելու է միջազգային գործընկերների առջև:

«Մենք կողջունեինք, եթե ադրբեջանական կողմը հավատարիմ լիներ այն սկզբունքին, որ սպորտը վեր է քաղաքականությունից: Առավել ևս, սպորտում ռասիզմի և այլատյացության դրսևորումները որևէ տեղ չպետք է ունենան: Այս առումով Ադրբեջանի կողմից նման երաշխիքների չտրամադրումն ու ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքի արգելքը ոչ այլ ինչ է, քան ռասիստական նոր դրսևորում, և դա կասկածի տակ է դնում Ադրբեջանում նման կարգի միջազգային միջոցառումների անցկացումը: Այս խաղով Ադրբեջանը հնարավորություն ուներ ցույց տալու, թե որքան է իրապես պատրաստ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն, սակայն մենք ոչ միայն չտեսանք որևէ ներդրում այս ուղղությամբ, այլ նաև ականատես եղանք ռասիստական նոր դրսևորումների: Բնականաբար մեր կողմից այս հանգամանքը բարձրաձայնվելու է մեր միջազգային գործընկերների առջև»,- նշեց խոսնակը:    

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որտեղ «Արսենալ»-ը կմրցի «Չելսի»-ի հետ:

«Արսենալ»-ը մտադիր է Մխիթարյանին չընդգրկել Եվրոպայի լիգայի եզրափակչի հայտացուցակում՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Ակումբում կարծում են, որ Մխիթարյանի՝ Բաքում մեկնելու շուրջ առաջացած աղմուկը կարող է ազդել մյուս խաղացողների վրա:

Ավելի վաղ «Արսենալ»-ը հանդես էր եկել քննադատական հայտարարությամբ ընդդեմ ՈՒԵՖԱ-ի և այն որոշման, որ եզրափակիչն անցկացվում է Բաքվում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]