Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս

Թրամփն Իրանի իշխանությունների հետ բանակցություններ կսկսի, երբ «նրանք պատրաստ լինեն»


ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ պատրաստ Է բանակցություններ վարել Իրանի իշխանությունների հետ միայն ժամանակ, երբ «նրանք պատրաստ լինեն»: Այս դիրքորոշումը ԱՄՆ-ի ղեկավարը մայիսի 20-ին ներկայացրել Է Սպիտակ տան մարգագետնում լրագրողների հետ զրույցում՝ Փենսիլվանիայի նահանգ մեկնելուց առաջ, որտեղ նա ելույթ Է ունենալու իր կողմնակիցների առջեւ: Հեռարձակումն իրականացրել են ամերիկյան լրատվական հեռուստաընկերությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Տեսնենք՝ ինչ տեղի կունենա: Եթե նրանք զանգահարեն մեզ, ապա մենք, անտարակույս, բանակցություններ կվարենք, բայց դա կախված Է նրանցից: Ես միայն ցանկանում եմ, որ նրանք զանգահարեն, եթե պատրաստ են, իսկ եթե նրանք պատրաստ չեն, այդժամ կարիք չկա ինձ անհանգստացնելու»,- ընդգծել Է նախագահը: Նա հավելել Է, որ ներկայում «Իրանի հետ բանակցություններ չեն անցկացվում»: Պետության ղեկավարը վերստին նախազգուշացրել Է Իրանի իշխանություններին ԱՄՆ-ի նկատմամբ սադրիչ գործողություններից ու սպառնալիքներից, թեպետեւ նշել Է Թեհրանի նման գործելակերպի որեւիցե նշանի բացակայությունը:

«Մենք չենք տեսնում այն բանի որեւիցե նշան, որ ինչ-որ բան Է տեղի ունենում կամ տեղի կունենա, բայց եթե տեղի ունենա, ապա, անկասկած, կբախվի ահռելի ուժի: Մենք ընտրություն չենք ունենա»,- ասել Է Թրամփը: Ինչպես մայիսի 20-ին հայտնել Է Al Jazeera հեռուստաալիքը, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ Միացյալ Նահանգներն առնվազն տասը անգամ իր երկրին առաջարկել Է բանակցային գործընթաց սկսել: Սակայն, նրա համոզմամբ՝ «այսօրվա պայմանները հարմար չեն երկխոսություն սկսելու համար»:

Ռոուհանիի խոսքով՝ Իրանն «այժմ ապրում Է տնտեսական պատերազմի վիճակում, եւ պայմանները պահանջում են դիմադրություն ցույց տալ գործադրվող ճնշմանը»: Նա հայտարարել Է, որ Իրանը չի համաձայնի ԱՄՆ-ի հետ այնպիսի բանակցությունների, որոնք նրան կպարտադրվեն ուժով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ