Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շառլ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ Փարիզում կկայանան նրա արվեստը նշանավորող միջոցառումներ

Շառլ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ Փարիզում կկայանան նրա արվեստը 
նշանավորող միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 22-ին լրանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրի 95-ամյակը։  Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Ազնավուր» հիմնադրամից, մեծանուն արտիստի ծննդյան տարեդարձին ընդառաջ և ամբողջ տարվա ընթացքում  աշխարհի տարբեր անկյուններում նրա արվեստը նշանավորող միջոցառումներ են կազմակերպվում՝ ցուցահանդեսներ, համերգներ, հուշարձանների բացում, հանրային վայրերի, հաստատությունների անվանակոչություն։

Մեծ արտիստի 95-ամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանը, համագործակցելով «Ազնավուր» հիմնադրամի հետ, Ազնավուրի  ծննդյան օրվա նախօրեին՝ մայիսի 21-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում կազմակերպում է հետևյալ միջոցառումները։

 

Հուշատախտակի բացում

Մայիսի 21-ին՝ Փարիզի  ժամանակով 11:15-ին, Ազնավուր ընտանիքի փարիզյան առաջին բնակարանի հասցեում կբացվի հուշատախտակ՝ Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի, քաղաքային իշխանությունների, նշանավոր անձանց և, իհարկե, Ազնավուր ընտանիքի անդամների ներկայությամբ։

Հուշատախտակը կտեղադրվի Փարիզի 6-րդ շրջանի Մսյո լը Պրենս 36 հասցեում, որտեղ Փարիզ ժամանելուց հետո բնակություն է հաստատել Ազնավուրյանների ընտանիքը, և որտեղ անցել է Շառլ Ազնավուրի մանկությունը։

 

Համերգ Փարիզի քաղաքապետարանի մերձակա հրապարակում

Տոնակատարությունը համերգային ձևաչափով կշարունակվի Փարիզի քաղաքապետարանին հարող հրապարակում, որտեղ Փարիզի ժամանակով ժամը 17:00-ից կսկսվի համերգ՝ նվիրված Ազնավուրի տարեդարձին։

Համերգին ելույթներով հանդես կգան Փարիզի քաղաքային երգչախումբը, Անդրե Մանուկյանը, Ժոանա Մենդիլը, Եսայի Ալթունյանը, Ազնավուրին նվագակցած դաշնակահար Էրիկ Բերշոն և այլ երաժիշտներ։

«Ազնավուր» հիմնադրամը ստեղծվել է Շառլ Ազնավուրի և նրա որդու՝ Նիկոլա Ազնավուրի կողմից՝ նպատակ ունենալով զարգացման ծրագրեր իրագործել մշակույթի, կրթության և բարեկեցության ապահովման ոլորտներում։ Հիմնադրամի առաքելության կարևորագույն նպատակներից է նաև մեծ արտիստի մշակութային ու մարդասիրական ժառանգության պահպանումն ու հարատևման ապահովումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]