Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունիս

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Երևանում 15.4 տոկոսով ավելի եկամուտ է հավաքագրվել


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ աշխատանքային հերթական խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատակազմին է ներկայացրել իրավական մասով քաղաքապետի նորանշանակ խորհրդական Կարեն Համբարձումյանին: Օգտվելով առիթից՝ քաղաքապետն անդրադարձ է կատարել երկրում դատական իշխանության բարեփոխումների խնդրին՝ քաղաքապետարանի աշխատանքի համատեքստում:

«Մենք ամբողջ անցած շաբաթ հենց խոսում էինք բոլոր այն դատական գործերի մասին, որտեղ մենք խնդիրներ ունենք, և այսօրվա իրադարձությունները շատ տրամաբանական շարունակությունն են այն ամենի, ինչը տեղի է ունեցել մեր երկրում, ինչը տեղի է ունենում Հայաստանում: Երևանի քաղաքապետարանն իր մաշկի վրա զգում է դատական համակարգի անկատարելիությունը, դատական համակարագի խոցելիությունը: Քաղաքացիների ընդունելության ժամանակ հարյուրավոր քաղաքացիներ գալիս են և տարիներ առաջ դատական վճիռներից բողոքում են: Երբ նայում ես գործը տեսնում ես, որ այդ քաղաքացին հարյուր տոկոսով ճիշտ է, տեսնում ես, որ դատավորը պաշտպանել է ինչ-որ մի օլիգարխի շահերը, ինչ-որ մի կրիմինալ տարրի շահերը: Եվ, ցավոք սրտի, ինչն է ամենահետաքրքիրը, որ այսօր շարունակվում է այդ ամենը, և մեկ տարի է՝ արդեն մենք անցել ենք մեկ այլ ռեժիմի, բայց այս մի համակարգն ուղղակի խանգարում է: Մենք ամեն օր առնչվում ենք բոլոր գործերի հետ և մեր ամեն մի քայլը իրավական մասով ինչ-որ մի խնդիր ունեցող քայլ է, և մենք ուղղակի չենք կարողանում առաջ գնալ, կանգնել ենք ու վերջ: Մենք մեր մասով, այն ինչը չի առնչվում դատական համակարգին, համակարգը տանում ենք առաջ: Բայց սա մեծ խոչընդոտ է մեզ համար, և ես կարծում եմ, որ այս համակարգի առողջացումը շատ կարևոր քայլ է մեր պետության համար»,- ընդգծել է քաղաքապետը:

Անդրադառնալով շինարարական աղբի տեղափոխմանը՝ քաղաքապետ Մարությանը հանձնարարել է ոստիկանության հետ համատեղ աշխատանքներ տանել՝ քրոնիկ վայրերում և շինաղբ տեղափոխող մեքենաներին ուղղորդել Նուբարաշենի աղբավայր, որպեսզի քաղաքի տարբեր հատվածներ չվերածվեն շինարարական աղբակույտերի:

«Պարզ է, եթե չեն տանում Նուբարաշեն, ուրեմն ինչ-որ տեղ թափում են: Հիմա շինարարության սեզոնը սկսվել է, մեծ քանակությամբ աշխատանքներ են կատարվում, և տարբեր վայրերում առաջանում են նոր շինաղբի կետեր: Կան շինարարական աղբով լցված տարածքներ, որոնք շուրջ 20 տարվա պատմություն ունեն: Մենք պետք է ձեռնամուխ լինենք այդ ամեն ինչը մաքրելու համար, բայց միևնույն ժամանակ պետք է թույլ չտանք, որ նորից կուտակումներ լինեն, և պետք է շատ կոշտ լինենք այս հարցում: Մենք չենք ասում ինչ-որ գումար վճարեք, պարզապես ասում ենք՝ շինարարական աղբը տեղափոխեք Նուբարաշենի աղբավայր»,- նշել է քաղաքապետը:

Մայրաքաղաքում աղբահանության գործընթացի լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ է շուրջ 8000 աղբաման: Այսօր մայրաքաղաքում շուրջ 5000 աղբաման կա: Քաղաքապետ Հայկ Մարությանը «Սանիթեք» ընկերությանը հորդորել է հետևողական աշատանքներ տանել աղբամանների անհրաժեշտ քանակի ապահովման ուղղությամբ՝ ընդգծելով, որ մայրաքաղաքում աղբահանության ներկայիս ոչ բարվոք վիճակը նաև աղբամանների քանակի հետ է կապված:  Քաղաքապետը նաև հանձնարարել է մշտական աշխատանքներ տանել աղբամանների լվացման ուղղությամբ:

«Ուզում եմ տեղեկացնել, որ մենք չենք սպասելու «Սանիթեք» ընկերությանը, որ իրենք բերեն աղբամաններ: Մենք ևս բերելու ենք աղբամաններ, մենք ապահովելու ենք ծառայությունների մատուցման բարձր որակ: Չնայած նրան, որ սա ձեր պարտականությունն է»,-նշել է Հայկ Մարությանը:

2019թ. մայիսի 17-ի դրությամբ Երևանի բյուջեի սեփական եկամուտների աճողական կատարողականը կազմել է 93 %: Քաղաքապետին զեկուցվել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1 մլրդ 200 մլն դրամով՝ 15.4 %-ով ավելի եկամուտ է հավաքագրվել:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ