Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵԹԿՊԻ-ի ռեկտորի ընտրության գործընթացը նոր զարգացումներ է ստանում. միակ թեկնածուն կհանդիպի ուսանողներին

  ԵԹԿՊԻ-ի ռեկտորի ընտրության գործընթացը նոր զարգացումներ է ստանում. միակ 
թեկնածուն կհանդիպի ուսանողներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրության գործընթացը նոր զարգացումներ է ստանում: Ինստիտուտի ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել այն մասին, որ ուսանողության մեծամասնությունը ցանկանում է ունենալ թեկնածուի այլընտրանքային տարբերակ և լսել ԲՈւՀ-ի զարգացման այլ հայեցակարգեր ու ծրագրեր ևս:

«Հաշվի առնելով, որ առաջիկայում՝ մայիսի 22-ին, նախատեսվում է ԲՈւՀ-ի Խորհրդի նիստ, ուր կայանալու է ռեկտորի ընտրություններ, ԲՈւՀ-ի Խորհրդում ներկայացնելով ուսանողների ձայնը, ձեռնամուխ ենք եղել քննարկումներ կազմակերպելու ԲՈւՀ-ի բոլոր ֆակուլտետների կուրսերի ներկայացուցիչների հետ, իսկ վերջիններս ներկայացրել են կուրսի մյուս ուսանողների կարծիքը, ուստի, հիմք ընդունելով ուսանողների մեծամասնության դիրքորոշումը և արձանագրելով ռեկտորի թեկնածության հայտ ներկայացրած երեք թեկնածուներից միայն մեկի քվեարկվելու իրավունք ունենալու փաստը՝ հայտարարում ենք ՝ ԵԹԿՊԻ-ի ուսանողության մեծամասնությունը ցանկանում է ունենալ թեկնածուի այլընտրանքային տարբերակ և լսել ԲՈւՀ-ի զարգացման այլ հայեցակարգեր ու ծրագրեր ևս: Հարկ ենք համարում նշել, որ ռեկտորի ներկայիս պաշտոնակատարը՝ միակ թեկնածուն, իր վեցամսյա ոչ կառուցողական գործունեության պատճառով, չի վայելում ուսանողության վստահությունը: Հաշվի առնելով մեր ինստիտուտի մասնագիտական առանձնահատկությունները և թեկնածուի ոլորտի ներկայացուցիչ չլինելու անցանկալի փաստը, հայտնում ենք մեր վերապահման մասին ու Խորհրդի մյուս անդամներին խնդրում ենք հաշվի առնել ուսանողության կարծիքը»,-ասված է խորհրդի հայտարարության մեջ:

Ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ Կարինե Խոդիկյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հայտարարությանը ծանոթ է, սակայն չի ցանկանում մեկնաբանել, քանի որ անձամբ ուսանողների հետ չի հանդիպել, դեռ նրանց չի լսել:

«Մարդիկ արտահայտել են իրենց կարծիքը: Ես կարող եմ հայտնել իմ վերաբերմունքը ռեկտորի ընտրության գործընթացի հետ կապված: Ռեկտորի երեք հավակնորդ թեկնածուների հետ կապված, ովքեր ներկայացրել էին իրենց փաստաթղթերը, ստացվել է պատասխան նախարարությունից այն մասին, որ նրանցի երկուսի տվյալները  չեն համապատասխանում ինստիտուտի կանոնադրության 29-րդ կետին: Ինձ զանգեց հավակնորդներից Արմեն Հարությունյանը և հանդիպումներ խնդրեց  այս հարցին անդրադառնալու համար: Իր իմացությամբ, իր հավանությամբ ես գրավոր դիմել եմ Կրթության և գիտության նախարարին  և խնդրել եմ այդ անհամապատասխանության հատվածը հիմնավորել գրավոր: Ստացվել է 2.5 էջանոց պատասխան, որտեղ բառ առ բառ ներկայացված է, թե ինչու երկու անձինք չեն կարող լինել հավակնորդներ»,-ասաց Կարինե Խոդիկյանը: Քանի որ միայն մեկ թեկնածուի գործերն են համապատասխանում ռեկտորի ընտրության կանոնակարգին, ապա Կարինե Խոդիկյանի խոսքով, օրենքի տառին համաձայն, թեկնածուի փաստաթղթերի ամբողջ փաթեթն ուղարկվել է կառավարման խորհրդի բոլոր անդամներին: Նշանակված օրը պետք է լինի ընտրություն:

«Հիմա ուսանողները հավաքվել են, ես չգիտեմ, այդ մեծամասնություն ասվածը իսկապես մեծամասնություն է, թե ոչ: Ուսանողական խորհուրդը հարկ է համարել դա անելու առանց ինձ տեղյակ պահելու, հետևաբար ես զերծ եմ մնում մեկնաբանությունից: Ենթադրում եմ, որ նման հայտարարություն են անում, ուրեմն ելքերը գիտեն, թե ինչպես դուրս գալ այդ վիճակից: Ամեն դեպքում մայիսի 22-ին նշանակված ռեկտորի ընտրության օրը մնում է ուժի մեջ: Փաստաթղթերով համապատասխանող թեկնածուն  Լիլիթ Արզումանյանն է»,-ասաց Կարինե Խոդիկյանը: Նշենք, որ Լիլիթ Արզումանյանը ներկայում ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է:

Ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս փուլում այլընտրանքային թեկնածուի տարբերակ չկա: Եղել են երեք հավակնորդներ, որոնցից երկուսի տվյալները չեն համապատասխանել, մնացել է մեկը:

«Ընդհանրապես այլընտրանքային թեկնածու ունենալը ցանկալի բան է, որովհետև համեմատության մեջ երևում են ծրագրերը, անցած ուղին, փորձը: Հիմա ունենք այն, ինչ ունենք:  Ստեղծված իրավիճակում ես կարծում եմ, որ երկխոսությունից լավ բան չկա: Կարծում եմ, որ ճիշտ կլինի թեկնածուն հանդիպի ուսանողների հետ, խոսեն, հասկանան, քննարկեն կատարված, չկատարված աշխատանքները, ապագա անելիքները: Մի բան էլ ուսանողներին՝ խնդրել եմ զգույշ լինել և չդառնալ որևէ մեկի ձեռքի գործիք: Մենք գիտենք, թե հաճախ ինչպես են մարդիկ ուսանողներին նաև օգտագործում սեփական նպատակներին հասնելու համար: Ճիշտը բաց երկխոսությունն է»,-ասաց  Ռուբեն Բաբայանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ռեկտորի թեկնածու Լիլիթ Արզումանյանը նշեց, որ պատրաստվում է մայիսի 21-ին հանդիպել ուսանողության հետ:

«Ես ուզում եմ ներկայացնել հաշվետվություն իմ արած աշխատանքի վերաբերյալ»,-ասաց Լիլիթ Արզումանյանը:

Ռեկտորի թեկնածուի համար դիմած մյուս երկու անձինք էին՝ Վասիլ Գևորգյանը, Արմեն Հարությունյանը:

Ռեկտորի պաշտոնը թափուր է մնացել, երբ Դավիթ Մուրադյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]