Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը. Նիկոլ Փաշինյան

 Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու 
ժամանակը. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանն այս մասին խոսեց մայիսի 20-ին հրավիրած խորհրդակցության ընթացքում:

«Այսօր ձեզ հանդիպման եմ հրավիրել՝ քննարկելու իմ կարծիքով այլևս անհետաձգելի և հրատապ լուծում պահանջող մի խնդիր: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել բոլորիդ հայտնի քաղաքական փոփոխություններ, որոնց արդյունքում երկրում հաստատված է ժողովրդի վստահությունը վայելող և լեգիտիմ կառավարություն, այսինքն` գործադիր իշխանություն, ժողովրդի վստահությունը վայելող և լեգիտիմ Ազգային ժողով, այսինքն` օրենսդիր իշխանություն: Վերջին մեկ տարվա իրադարձությունները, սակայն, շարունակաբար ի ցույց են դնում, որ Հայաստանի Հանրապետությունում ինչպես չի եղել, այնպես էլ չկա ժողովրդի իշխանությունը վայելող դատական իշխանություն, և դատական իշխանության գործունեությունը շարունակաբար ալեկոծություններ է առաջացնում մեր հանրության շրջանում:

Չեմ կարող և չեմ ուզում դատողություններ անել դատական իշխանության կողմից կայացվող որոշումների օրինականության ու հիմնավորվածության մասին: Այս մասին դատողություններ անելն իմ լիազորությունների մեջ չի մտնում, չնայած անհնար է դատարանների բոլոր որոշումները նույն արշինով չափել և նույն գնահատականին արժանացնել: Անկախ ամեն ինչից, ակնհայտ է, սակայն, որ դատական համակարգի որոշումները խորապես անվստահելի են հանրության համար: Եվ սա ասում եմ ոչ միայն որպես վարչապետ, այլև Հայաստանի ժողովրդի ներկայացուցիչ, ով ունի քաղաքական իրավունք` խոսելու ժողովրդի` Հայաստանի իշխանության բարձրագույն կրողի անունից: Հայաստանի ժողովուրդը գիտի, որ ինքն իր ազատ կամարտահայտմամբ ձևավորել է օրենսդիր իշխանություն, Ազգային ժողովի միջազգայնորեն ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ճանաչված ընտրությունների արդյունքներով ձևավորել է կառավարություն` գործադիր իշխանություն: Բայց Հայաստանի ժողովուրդը դատական իշխանությունն ընկալում է որպես նախկին կոռումպացված համակարգի մնացուկ, որտեղ անընդհատ դավադրություններ են նախագծվում և իրագործվում ժողովրդի դեմ: Որքանով է իրական այս կանխավարկածը, որքանով է հիմնավորված, բոլորովին ուրիշ խնդիր է, բայց այն, որ դատական իշխանությունը չունի ժողովրդի վստահությունը, նշանակում է` չունի նաև գործելու բավարար լեգիտիմություն, ինչն այսօր արդեն ուղղակի սպառնալիք է մեր երկրի բնականոն կյանքին, կայունությանն ու ազգային անվտանգությանը: Վարչապետ ընտրվելու հենց առաջին օրվանից պարտավորվել եմ որևէ միջամտություն չունենալ դատական իշխանության գործերին, և այս պարտավորությունը պահպանել եմ սրբորեն: Բայց մյուս կողմից, սակայն, չեմ կարող երաշխավորել, որ դատական համակարգը չի ենթարկվում ստվերային և ապօրինի ազդեցությունների, հիմնականում նախկին կոռուպցիոն համակարգի կողմից, որովհետև այդ երկու համակարգերն իրար կապված են մարդկային, քաղաքական և այլ կապերով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը կասկածի տակ դրեց Մարտի 1-ի գործի վերաբերյալ օբյեկտիվ քննության անցկացումը ներկայիս դատական համակարգի պայմաններում:

«Մի օրինակ կարող եմ բերել միայն. որքանով կարող ենք վստահ լինել, որ այսօրվա դատական համակարգն ի վիճակի է օբյեկտիվ քննություն տանել հենց նույն Մարտի 1-ի գործով, երբ գործադիր իշխանությունների կողմից թույլ տրված տասնյակ ապօրինություններ կյանքի են կոչվել հենց դատական գործող համակարգի միջոցով: Եվ դա հիմա արդեն երևում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումներով, և այդ որոշումները վերաբերում են նաև, այսպես կոչված, իրացման գոտիների բնակիչների և այլ խնդիրների:

Այս իրավիճակն իր ուղղակի ազդեցությունն է ունենում նաև կոռուպցիոն հանցագործությունների դեմ մեր հայտարարած պայքարի վրա: Չնայած, քաղաքական ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է, բայց դատական համակարգի նկատմամբ վստահության բացակայության պատճառով նաև քննչական մարմինների աշխատանքի արդյունավետությունն է տուժում, որովհետև քննչական մարմինները շատ հաճախ աշխատում են այն կանխավարկածով, որ դատական համակարգը միևնույն է` ջուրն է նետելու բոլոր բացահայտումները, հենց այդ նույն կոռուպցիոն համակարգի հետ ունեցած օրգանական կապի պատճառով:

Այս պրոբլեմներն, իհարկե, նոր չեն, և ես դրանք գիտակցել եմ վարչապետ ընտրվելու առաջին օրվանից: Բայցևայնպես, հենվելով մեկ տարի առաջ տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության արժեքների վրա, համարել եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է Նոր Հայաստանի կառուցմանը մասնակցելու, իր նպաստը բերելու հնարավորություն ունենա: Այդ թվում` քաղաքական կամ իրավական ապաշխարության միջոցով, կոնկրետ քայլերով ժողովրդի վստահությանն արժանանալու միջոցով: Նաև հույս ունեի, որ բազմաթիվ դատավորներ, հասկանալով, որ իրենց նախորդ դատական գործունեությունը և արժեքային համակարգն անհամապատասխան են Նոր Հայաստանի ձգտումներին և նրանց իրավունք չեն տալիս վճիռներ կայացնել հանուն Հայաստանի Հանրապետության, կհրաժարվեն դատավորի կարգավիճակից: Նման բան, սակայն, տեղի չունեցավ, և դատական համակարգի, ժողովրդական վստահության արժանանալու ընթացիկ հնարավորությունը համարում եմ այլևս սպառված»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հայտնեց, որ այս իրավիճակն այլևս անհանդուրժելի է:

«Մենք չենք կարող հանդուրժել այս իրավիճակը, որովհետև, ինչպես ասացի, սա երկրի կայունության, բնականոն կյանքի և ազգային անվտանգության խնդիր է: Սա նաև տնտեսական հետագա զարգացման խնդիր է, որովհետև անվստահելի դատական համակարգն ուղղակի խոչընդոտ է երկրի ներդրումային վիճակը բարելավելու հարցում:

Եվ ուրեմն, հարգելի գործընկերներ, եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը»,- ասաց վարչապետը: 

Մայիսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել մայիսի 20-ի առավոտյան ժամը 08.30-ից արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]