Բելառուսի պետական ակադեմիական պարային համույթը ելույթ ունեցավ օպերային թատրոնում
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանում Բելառուսի մշակույթի օրեր» ծրագրի շրջանակում մայիսի 17-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես եկավ Բելառուսի պետական ակադեմիական պարային համույթը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` որպես մենակատարներ ելույթ ունեցան Ալյոնա Լանսկայան և Իսկուհի Աբալյանը:
Համերգային ծրագրի մեկնարկին հնչեցին Հայաստանի և Բելառուսի Հանրապետությունների պետական օրհներգերը, իսկ դահլիճում ներկաները հոտնկայս ունկնդրեցին:
«Ես համոզված եմ, որ բելառուսական արվեստի վարպետների այսօրվա գալա համերգը մեծ ուրախություն կպարգևի ներկաներին, և առաջիկա օրերին բազմաթիվ այցելուներ կմասնակցեն բելառուս ժողովրդի ժառանգության յուրօրինակ բազմազանության և հարստության ցուցադրությանը նվիրված միջոցառումներին»,-նշեց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Գալստյանը:
Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Սերգեյ Շերեմետևը ողջունեց բոլորին և ընդգծեց, որ ծրագրի իրականացումը նշանակալի իրադարձություն է Հայաստանի և Բելառուսի մշակութային կյանքում:
Նախարարի տեղակալը վստահեցրեց, որ բոլոր ժամանակներում մշակույթը մտերմացրել է մարդկանց, նպաստել է աշխարհի պահպանմանն ու համերաշխությանը:
Շերեմետևը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին Բելառուսի պատմական ժառանգության հանդեպ բարիդրացիական վերաբերմունքի համար և շեշտեց, որ Բելառուսի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ` բժիշկներ, նկարիչներ, լրագրողներ, գիտնականներ իրենց երկրի հպարտությունն են:
Համերգային երեկոյին Բելառուսի պետական ակադեմիական պարային համույթը ներկայացրեց բազմաթիվ ազգային պարեր` մեծ բավականություն պատճառելով և’ բելառուս, և’ հայ, և’ այլ ազգերի ունկնդիրներին:
Մայիսի 16-19-ը Հայաստանում անցկացվող Բելառուսի մշակույթի օրերն իրականացվում են Հայաստանի և Բելառուսի մշակույթի նախարարությունների համագործակցության մասին ստորագրված ծրագրի շրջանակում:
«Հայաստանում Բելառուսի մշակույթի օրեր» ծրագիրը եզրափակվելու է մայիսի 18-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության դահլիճում` «Պատերազմ. մարդ մնալ» ֆիլմի ցուցադրությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում