Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի գլխավոր քարտուղարին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է «Եկեղեցիների համատեղ գործողություն» 
դաշինքի գլխավոր քարտուղարին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի (ACT Alliance) գլխավոր քարտուղար Ռուդելմար Բուենո դե Ֆարիային՝ ուղեկցությամբ ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և գործադիր տնօրեն Կարեն Նազարյանի: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի էջից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Դաշինքի գլխավոր քարտուղարը Նորին Սրբությանը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը՝ տեղեկացնելով, որ այն հումանիտար առաքելություն է իրականացնում ավելի քան 125 երկրներում և միավորում է ավելի քան 150 հավատքահեն ու եկեղեցապատկան կառույցներ և եկեղեցիներ: Վերջինս նշեց նաև, որ դաշինքը բացի աղետներին արագ արձագանքումից, շահերի պաշտպանության և զարգացման ծրագրերից, տարբեր ոլորտներում օգնություններ է ցուցաբերում հակամարտության մեջ ներքաշված և բնական աղետներից տուժած երկրներին՝ ի մասնավորի նաև բռնության ենթարկված քրիստոնյաներին: Այս առումով, պրն. դե Ֆարիան ընդգծեց, որ դաշինքը սերտ փոխգործակցում է Միացյալ Ազգերի կազմակերպության և տարբեր երկրներում ու տարածաշրջաններում դաշինքի անդամ կազմակերպությունների հետ:

«Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի և Կլոր Սեղանի միջև առկա գործակցության առիթով իր գոհունակությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` կարևորելով դաշինքի առաքելությունն արտակարգ իրավիճակների հաղթահարման գործում: Նորին Սրբությունը ողջունեց դաշինքի համագործակցությունը տարբեր եկեղեցական կառույցների հետ՝ նշելով, որ դա նպաստում է նաև Եկեղեցու առաքելության արդյունավետ իրագործմանը, քանզի Եկեղեցին հոգևոր խնամատարությունից բացի, սոցիալական ծառայության շրջագծից ներս նաև աղետներից և հակամարտությունից տուժածներին է բերում իր աջակցությունը: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը մասնավոր իր գնահատանքը բերեց «Եկեղեցիների համատեղ գործողություն» դաշինքի գլխավոր քարտուղարին ապրիլյան քառօրյայի և ապա 2019 թ. երաշտի ժամանակ Հայաստանին ցուցաբերված մարդասիրական օգնության համար:
Զրույցի ժամանակ անդրադարձ կատարվեց դաշինքի անդամ հանդիսացող Կլոր Սեղան հիմնադրամի գործունեությանը, որի համահիմնադիրն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Ընդգծվեց, որ այն տարիներ շարունակ, գործակցելով թեմերի և եկեղեցական կառույցների հետ, Հայաստանի տարբեր շրջաններում իրականացրել է զանազան օգտաշատ սոցիալական ծրագրեր` նպաստելով ժողովրդի բարօր ու բարգավաճ կյանքի կերտմանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և դաշինքի գլխավոր քարտուղարը խոսեցին նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի և այդ գործընթացում Հայ Եկեղեցու ներգրավվածության մասին: Նորին Սրբությունը ողջունեց դաշինքի առաջարկը ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի հետ միասին համաժողով անցկացնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցի շուրջ:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավոր առաքելություն մաղթեց գլխավոր քարտուղարին դաշինքի մարդասիրական աստվածահաճո ծառայության մեջ»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]