Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Զվարթնոց»-ում բացվել  է  Հովհ. Շարամբեյանին նվիրված ցուցահանդես

«Զվարթնոց»-ում բացվել  է  Հովհ. Շարամբեյանին նվիրված ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում մայիսի 17-ին բացվել է արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ,  թանգարանաշինության և մշակութային ժառանգության պահպանության գործում անգնահատելի ավանդ ունեցած Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանին  նվիրված՝ «Ճանապարհ դեպի տաճար» խորագիրը կրող  ցուցահանդեսը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից։

««Մեծ մտավորականը իր արվեստը փոխանցել է ժառանգներին: Պատահական չէ, որ Շարամբեյանին նվիրված ցուցահանդեսը բացվել է Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ», - ասել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը: Նրա փոխանցմամբ՝ լինելով կերպարվեստի բնագավառի մարդ, Շարամբեյանը ջանք ու եռանդ չի խնայել  թանգարանաշինության ոլորտը զարգացնելու համար:  

«Շարամբեյանի մասին գերադրական ցանկացած տիտղոս կարելի է ասել: Նա իսկական նվիրյալ էր», -իր նշել է ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը և հիշել վաստակավոր նկարչին բնութագրող մի պատմություն:

«Տարիներ առաջ ամերիկացի նկարիչը Դիլիջանում ցուցադրությունը դիտելուց հետո երեք նկար է նվիրել Շարամբեյանին: Վերջինս էլ՝ անոթ ամերիկացի արվեստագետին: Հետագայում նա իմանում է, որ ամերիկացին մահանալուց առաջ խնդրել է այրել աճյունը և մոխիրը լցնել այդ անոթի մեջ: Շարամբեյանը շատ հուզվել էր դրանից», -ասել է Աշոտ Փիլիպոսյանը:

Միջոցառմանը ներկա էին արվեստի վաստակավոր գործչի ընտանիքի անդամները: Նկարչի թոռան Նարեկ Վան Աշուղաթոյանի խոսքով մեծ գնահատանքի է արժանի «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի՝ ցուցահանդես կազմակերպելու նախաձեռնությունը, աշխատակիցների սրտացավ աշխատանքը, խանդավառությունը: Նա պատրաստակամություն է հայտնել  հետագայում էլ  շարունակել  գործակցությունը:

Դիլիջանը մեծ տեղ ուներ արվեստագետի կյանքում ու դա լավագույնս արտացոլված է նրա ստեղծագործություններում:

Դիլիջանյան միջավայրը այսօր ամբողջացրել էին Հացիկ գյուղի Ա. Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցի գոբելենագործության խմբակի երեխաները, ինչպես նաև՝ փայտագործ, ժողովրդական վարպետ Ռուբեն Արմենյանը՝  փայտից ու կավից պատրաստած իր աշխատանքներով:   

Ոչ պակաս գեղեցիկ մտահղացում ներկաներին է փոխանցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  ուսանող, դիզայներ Վահե Քոթանյանը: Հովհ. Շարամբեյանի անավարտ մի կտավ ցուցադրվել էր արգելոց-թանգարանի մուտքում: Ազգային տարազով կնոջ կերպարը ներկայացվել էր իրականության մեջ: Վ. Քոթանյանի մտահղացմամբ՝ կտավի կնոջ կերպարով ներկաներին ողջունում էր նույն բուհի տուրիզմի ֆակուլտետի ուսանողուհիներից մեկը:

Ցուցահանդեսի բացման պատիվը տրվել է նկարչի թոռանը: Շարամբեյանի արմատները Արևմտյան Հայաստանից են և Վ. Քոթանյանի խնդրանքով նկարչի թոռը՝ Նարեկ Վան Աշուղաթոյանը երկու մասի է բաժանել լավաշը, որը խորհրդանշել է Արևմտյան ու Արևելյան Հայաստանը:

Հովհ. Շարամբեյանին նվիրված ցուցահանդեսին ներկայացվել են թանգարանային առարկաներ ՊՈԱԿ-ի «Դիլիջանի հավաքածու»-ից, Շարամբեյանի անձնական իրեր, գեղանկարներ, որոնք տրամադրել են նկարչի ժառանգները»,- նշված է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]