Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերը մեկնարկեցին բազմաբովանդակ ցուցահանդեսով


ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Հանրապետության ականավոր նկարիչ Նապոլեոն Օրդայի գրաֆիկական աշխատանքների և Բելառուսի ազգային պատմության թանգարանի ժողովրդական արհեստների ու ստեղծագործության հավաքածուի ցուցահանդեսով մեկնարկեցին Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսը բացվեց մայիսի 17-ին  Ժողովրդական արվեստի թանգարանում:

«Բելառուսական մշակույթը հարազատ է եղել մեզ այնքանով, որքանով սերում է էթնիկ բանահյուսական ակունքներից: Բելառուսական գրականության մեծերի թարգմանությունները 20-րդ դարասկզբից մինչ օրս  լայն հեղինակություն են վայելում և’ մեր դպրոցներում, և’ ընթերցող հասարակության  շրջանում»,-նշեց թանգարանի տնօրեն Հովիկ Հովեյանը:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Սերգեյ Շերեմետևի խոսքով` «Հայաստանում Բելառուսի մշակույթի օրեր» ծրագիրն իրապես  հոգևոր տոն է մեր երկու երկրների համար, և այդ  տոնի վառ մասն է  այս ցուցահանդեսը:

«Ասում են, որ մեծանուն կոմպոզիտորների սրտերում ապրում են իրենց հայրենիքի հնչյունները, իսկ մեծանուն նկարիչների սրտերում`հայրենիքի գույները: Օրդայի աչքերում Բելառուսի արևներն են: Նա հրաշալի է պատկերել 19-րդ դարի Բելառուսը, որը, ավաղ, մենք կորցրել ենք»,-շեշտեց նախարարի տեղակալն ու հավելեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բելառուսը  մեծ կորուստներ է ունեցել` զրկվելով իր պատմական ժառանգությունից:

Օրդայի ստեղծագործությունների միջոցով հանրությունը կարող է տեսնել Բելառուսի մշակութային դարավոր արժեքները: «Իր բազմաթիվ շրջագայությունների ընթացքում Օրդան եղել է նաև Հայաստանում: Հայկական բնաշխարհի գեղեցկությունը ոգեշնչել է նրան և խոր հետք թողել Օրդայի ստեղծագործական կյանքում»,-պատմեց Շերեմետևը:

Մայիսի 16-19-ը Հայաստանում անցկացվող Բելառուսի մշակույթի օրերը իրականացվում  է Հայաստանի  և Բելառուսի մշակույթի նախարարությունների համագործակցության մասին ստորագրված  ծրագրի շրջանակում: 

Ծրագրի բացման գալա համերգը կայանալու է մայիսի 17-ին  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ են ունենալու Բելառուսի պետական ակադեմիական պարային համույթը Ալյոնա Լանսկայաի, Իսկուհի Աբալյանի և «Աուրա» խմբի մասնակցությամբ: 

Համերգի ընթացքում ներկայացվելու է Բելառուսի զբոսաշրջային ներուժի մասին պատմող տեսանյութը:

Թատրոնի նախասրահում գործելու է «Դեպի լեռների և սրընթաց գետերի երկիր…» խորագրով ցուցահանդեսը` նվիրված Յանկա Կուպալայի արվեստին: 

Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի ծրագիրը եզրափակվելու է մայիսի 18-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության դահլիճում` «Պատերազմ. մարդ մնալ» ֆիլմի ցուցադրությամբ:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ