Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Զարուհի Բաթոյանը հանդիպում է ունեցել Human Rights Watch-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով տնօրենի տեղակալի հետ

Զարուհի Բաթոյանը հանդիպում է ունեցել Human Rights Watch-ի Հաշմանդամություն 
ունեցող անձանց իրավունքների հարցերով տնօրենի տեղակալի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հանդիպում է ունեցել Human Rights Watch միջազգային կազմակերպության Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով տնօրենի տեղակալ Ջեյն Բյուքենընի և նույն կազմակերպության Հարավային Կովկասում մարդու իրավունքների հարցերով փորձագետ Գիորգի Գոգիայի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը հանդիպման ընթացքում ասել է.

«Ուրախ եմ մեր վաղեմի գործընկերներին հանդիպելու համար: Չնայած այն հանգամանքին, որ այսօր ներկայացնում եմ ոչ թե քաղաքացիական հասարակությունը, այլ Կառավարությունը, վստահ եմ, որ երեխաների իրավունքների պաշտպանության առումով մեր մոտեցումներն անփոփոխ են մնացել: Ուստի շատ անելիքներ ունենք՝ նաև համատեղ ջանքերով, երեխաների ներառումն ապահովելու, ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունն իրականացնելու ուղղությամբ»:

Նախարարը նշել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն այն ոլորտն է, որտեղ ամենածավալուն գործընթացները վերանայելու և ահռելի ծավալի աշխատանք կա իրականացնելու:

Նախարարը հյուրերին է ներկայացրել ապաինստիտուցիոնալացման քաղաքականության մանրամասները և շեշտել, որ ծրագիրը ներառելու է բոլոր երեխաներին, բոլոր հաստատություններում.

«Սա առաջին անգամ  է, երբ երեխաներին հաստատություններից կենսաբանական կամ խնամատար ընտանիքներ տեղափոխելու այս ծրագիրը տարածվում է  նաև հաշմանդամություն ունեցող երեխաների և մասնավոր մանկատների վրա: Չնայած այն հանգամանքին, որ մենք կասկած չունենք, որ բոլոր հատուկ հաստատությունները պետք է փակվեն, այնուամենայնիվ, մենք չենք պատրաստվում այն իրականացնել հափշտապ: Երեխաների, նրանց ընտանիքների, անհրաժեշտ ծառայությունների լուրջ գնահատում պետք է իրականացվի, և այս գործընթացին պետք է մոտենանք բացառիկ աչալրջությամբ և հոգատարությամբ, որովհետև այստեղ սխալվելու իրավունք չունենք: Մենք միասնական և ունիվերսալ մոտեցում դեռ չունենք բոլոր հաստատությունների վերաբերյալ, որովհետև պատկերացնում ենք, որ երեխաները պետք է լինեն ամենուր»,- ասել է նախարարը:

Նա նաև տեղեկացրել է, որ նախարարությունում վերանայվում են մի շարք ռազմավարական ուղղություններ, պատրաստվում են «Երեխայի իրավունքների մասին» օրենքի փոփոխությունների առաջարկությունները:

«Ուրախ ենք տեսնել այս պատրաստակամությունը՝ ուղղված երեխաների ապաինստիտուցիոնալացմանը: Ուզում եմ նշել, որ լիովին կիսում ենք ձեր մոտեցումները և պատրաստ ենք աջակցել՝ թե՛ փորձագիտական աջակցության շրջանակներում, թե՛ փորձի  փոխանակման: Մեր վերջին օրերի հանդիպումները Հայաստանում մեզ թույլ են տալիս եզրակացնել, որ շատերը ձեր գերատեսչությունն ընկալում են որպես բարդ, բայց անհրաժեշտ փոփոխությունների առաջամարտիկ: Ուրախ եմ, որ դուք չեք խուսափում այդ դերը ստանձնելուց»,- ասել է Ջեյն Բյուքենընը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]