Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսություն. նոր զարգացման հեռանկարներ և առկա մարտահրավերներ

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսություն. նոր զարգացման հեռանկարներ և 
առկա մարտահրավերներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ամերիկյան հարաբերությունները վերջին շրջանում շարունակում են հետևողականորեն ակտիվանալ, ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մակարդակներում: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո արդեն մի քանի անգամ տեղի է ունեցել ամերիկյան պատվիրակությունների այց Հայաստան՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի, պետդեպարտամենտի` տարածաշրջանի հարցերով պատասխանատու պաշտոնյաների, ինչպես նաև թե՛ հանրապետական և թե՛ դեմոկրատ կոնգրեսականների  մակարդակով:  Այցերի ժամանակ քննարկվել են աշխարհաքաղաքական, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք կարևոր հարցեր՝ բարձրացնելով հայ-ամերիկյան երկխոսությունը նոր, ռազմավարական մակարդակի:

Ստորև անդրադառնանք հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարներին և աշխարհաքաղաքական զարգացումներից բխող մարտահրավերներին:

Այս փուլում հարաբերությունները հիմնականում կենտրոնացած են Հայաստանում ինստիտուցիոնալ ուղղությունների բարեփոխման վրա, ինչպես օրինակ դատական համակարգ, ընտրական և ոստիկանական ոլորտներ, կոռուպցիայի դեմ պայքար և այլն: Այս առումով դրական է ԱՄՆ կողմից ֆինանսավորվող ծրագրերի շարունակական իրականացումը և ընդլայնումը, որը կօգնի ամրապնդել Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները: Սակայն, օգնության ծրագրերից առավել, այս փուլում ԱՄՆ վարչակազմը կարևորում է ոլորտային համագործակցության ընդլայնման հնարավորությունները, որոնք կլինեն երկկողմ շահավետ: Այս առումով ուշադրության արժանի են Հայաստանում ԱՄՆ դեսպանի առաջին ասուլիսի ժամանակ մատնանշած համագործակցության ԱՄՆ համար գերակա ոլորտները, որտեղ հիմնական շեշտը դրվեց  տեղեկատվական, նորարարական ոլորտում համագործակցության, ինչպես նաև գյուղատնտեսական ոլորտում համագործակցության վրա, որտեղ դեսպանը, հատկապես կարևորեց մայրաքաղաք Երևանից դուրս համագործակցության հնարավորությունները: Ուստի, ոլորտային համագործակցության տեսանկյունից ցանկալի է, որ Հայաստանը հանդես գա հստակ գործնական ծրագրերի առաջարկներով, որոնք գրավիչ կլինեն ամերիկյան կողմի համար: Այս նպատակով կարելի է, օրինակ, կազմել հստակ տնտեսական հաշվարկների վրա հիմնված  տեղական, տարածաշրջանային տնտեսական առաջարկների փաթեթ և դրանք ներկայացնել ամերիկյան կողմի գործարարներին: Ոլորտային համագործակցությանը կարող է խթանել նաև երկու երկրների գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպումը և դրանց կանոնավոր բնույթ հաղորդելը:

Պակաս կարևոր չեն նաև խորհրդարանական մակարդակում համագործակցության խորացումը, հատկապես, երբ Հայաստանն անցում է կատարել կառավարման խորհրդարանական համակարգին, իսկ ԱՄՆ-ում տեղի ունեցած վերջին Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 21 հանձնաժողովներից 9-ի նախագահները հանդիսանում են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ և ունեն բավականին հայամետ դիրքորոշումներ: Օրենսդիր մակարդակում հարաբերությունների զարգացման տեսակետից բավական կարևոր էր ԱՄՆ հանրապետական և դեմոկրատ կոնգրեսականների այցը Հայաստան: Նման ձևաչափերով հանդիպումներից զատ երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացմանը կարող է նպաստել նաև հայ-ամերիկյան օրենսդիր մարմինների տարբեր հանձնաժողովների փորձագետների երկխոսության նոր ձևաչափի ստեղծումը կամ օրինակ, կուսակցությունների միջև բարձր մակարդակի երկխոսության ձևաչափի ստեղծումը:

Աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները հայ-ամերիկյան հարաբերությունների համար ստեղծում են նաև մի շարք մարտահրավերներ: Դրանց շարքում առաջնային է ԱՄՆ ներկայիս վարչակազմի՝ Իրանի հանդեպ վարած կոշտ քաղաքականությունը, և այս հարցում ԱՄՆ-ի սպասելիքները տարածաշրջանի երկրներից: Նման իրավիճակում Հայաստանի շարունակական և պարբերական երկխոսությունն ԱՄՆ-ի հետ միայն դրական է և պետք է նպատակ  հետապնդի ամերիկյան կողմին հստակ բացատրելու և հիմնավորելու հայկական կողմի դիրքորոշման դրդապատճառները: ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունն առ այն, որ ԱՄՆ-ն հասկանում է Հայաստանի համար Իրանի հետ բաց սահմանի կարևորությունը, խոսում է այն մասին, որ Հայաստանն այս ուղղությամբ շարունակում է վարել հետևողական բանակցություններ ԱՄՆ-ի հետ:

Առաջնային մարտահրավերներից է նաև ԱՄՆ կողմից Ադրբեջանին երկակի նշանակության արտադրանքի մատակարարումները, որոնցից որոշները Բաքվի կողմից կիրառվում են նաև ռազմական ոլորտում: Այս առումով, թերևս կարևոր է, որ Հայաստանը շարունակի զարգացնել և խորացնել ԱՄՆ կոնգրեսականների հետ աշխատանքը, որն ուղղված կլինի ԱՄՆ-ում ադրբեջանական և թուրքական լոբբիստական ջանքերի բացահայտմանը և կանխմանը, ինչպես նաև 907 բանաձև լիարժեք վերականգմանը, որ կբացառի զենքի վաճառքն Ադրբեջանին:

Ամփոփելով կարող ենք փաստել, որ Հայաստանն այս փուլում պետք է կարողանա առավելագույնս օգտագործել ամերիկյան կողմի հետ ռազմավարական երկխոսության նոր մակարդակը՝ մի կողմից ընդլայնելու ոլորտային համագործակցության հնարավորությունները, մյուս կողմից՝ հնարավորինս նվազեցնելու կամ հաղթահարելու առկա մարտահրավերները:

Լիանա Հովհաննիսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]