Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Մայիս

ԱԺ նախագահն առաջարկում է ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ անդամի թեկնածուների առաջադրումը վերապահել խորհրդարանական խմբակցություններին


ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկում է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններով վարչապետի որոշ լիազորություններ վերապահել կառավարությանն ու Ազգային ժողովի խմբակցություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Միրզոյանի ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծով նախատեսվում է ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին հնարավորություն տալ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների անդամների թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրել, իսկ հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրումը վերապահել ՀՀ կառավարությանը:

Գործող օրենքով` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով ինքնավար մարմնի նախագահին և մյուս վեց անդամներին Ազգային ժողովը նշանակում է վարչապետի առաջարկությամբ: Նույն սկզբունքն է գործում նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պարագայում, երբ կառույցի նախագահին և մյուս չորս անդամներին Ազգային ժողովը նշանակում է վարչապետի առաջարկությամբ:

«Կարևորելով, օրենքով ստեղծված ինքնավար մարմինների անդամների նշանակման հարցում Ազգային ժողովի խմբակցությունների դերի բարձրացումը, խորհրդարանական կառավարման համակարգին համահունչ՝ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին լրացուցիչ գործունեության երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությունը, կարծում ենք, որ նշված հանձնաժողովների անդամների, բացառությամբ այդ հանձնաժողովների առաջին կազմերի անդամների, մի մասի թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը նպատակահարմար է վերապահել Ազգային ժողովի կառավարող և ընդդիմադիր խմբակցություններին: Միաժամանակ, նպատակահարմար ենք համարում, այդ հանձնաժողովների նախագահների թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը, բացառությամբ այդ հանձնաժողովների առաջին կազմերի նախագահների, վարչապետի փոխարեն՝ վերապահել Կառավարությանը»,- նշված է օրենքի նախագծում:

Օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ ակնկալվում է ստեղծել այդ  ինքնավար մարմինների անդամների նշանակման հավասարակշռված համակարգ, որն էլ իր հերթին կոչված է նպաստելու այդ մարմինների ինքնավար գործունեության ապահովմանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ