Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Մայիս

Քննչական կոմիտեն բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 2 անձի


ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի մի շարք հանգամանքներ:  Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեղադրանք է առաջադրվել Աբովյան քաղաքի երկու բնակչի:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Աբովյան քաղաքի երկու բնակիչ, ովքեր ընկերներ են՝ ծնված 1975 և 1981թթ., զբաղվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ:

Մասնավորապես, նրանցից մեկը՝ ծնված 1975թ., իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և պահել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից  2.27 գրամը ապօրինի իրացրել է: Բացի այդ, 43-ամյա տղամարդը առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափերով՝ 7,67 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:  Իսկ վերջինիս ընկերը՝ ծնված 1981թ.,  առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել, պահել և փոխադրել զգալի չափի «Մեթադոն» տեսակի՝ ընդհանուրը 0,08 գրամ քաշով 2 հատ հաբ և խոշոր չափի՝ 41,97 գրամ, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Քրեական գործով իրականացվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ, որոնց արդյունքում Աբովյան քաղաքի 37-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 0,75 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, 2 հատ դեղնականաչավուն զանգված՝ համապատասխանաբար 0,92 և 0,74 գրամ քաշով, 1,16 գրամ քաշով շագանակագույն զանգված, իսկ նրա կողմից վարած «Լեքսուս-470» մակնիշի ավտոմեքենայից՝  33 հատ դեղնականաչավուն զանգվածներով առանձին փաթեթներ, երկու հատ «Մեթադոն-04» գրառմամբ դեղահաբ:

Իսկ Աբովյան քաղաքի 43-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն կանեփանման 2 զանգված՝ 1,31 և 1,37 գրամ քաշով, 3 հատ դեղնականաչավուն գույնի կանեփանման զանգված՝ 1,34, 1,32 և 1, 30 գրամ քաշով, ինչպես նաև՝ 2 փաթեթ՝ դեղնականաչավուն գույնի կանեփանման զանգվածով՝ համապատասխանաբար 0,75 և 0,28 գրամ քաշով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով  և 268-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վերջինիս ընկերոջը՝ 37-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նշանակվել են դատաքիմիական, դատատոքսիկոքիմիական, դատանարկոլոգիական և դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը պարզելու, ինչպես նաև՝ նշված անձանցից թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերած հնարավոր այլ անձանց  ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ