1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում դատական գործընթացը

 Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում 
դատական գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում ընթացող դատական գործընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Օրբելյանը հայտնեց մայիսի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

Արամ Օրբելյանը հայտնեց, որ շատ կարևոր բացթողումներից մեկն այն է եղել, որ դատարանը մեղադրող կողմին մեկ անգամով ավելի հանդես գալու իրավունք է տվել:

«Դատավարությունն ընթացել է ընդհանուր առմամբ հարթ: Ամենամեծ բացթողումն այն էր, որ մեղադրական կողմը մեկ անգամով ավելի է հանդես եկել: Անկախ գումարային տևողությունից, ամբողջ աշխարհում ընդունված ընթացակարգն է, որ ելույթները զույգ են լինում: Մնացած առումով կարծում եմ, որ դատավարությունը թափանցիկ, նորմալ է անցել, բոլորը հնարավորություն ունեցան տեսնել: Որոշակի լարված պահեր կային, բայց դա ցանկացած դատավարության ժամանակ տեղի են ունենում: Մնացած առումով ընդհանուր առմամբ գործընթացը դրական ենք գնահատում»,- ասաց Օրբելյանը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն անդրադարձան նաև Արցախի Հանրապետության գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի կողմից ներկայացված անձնական երաշխավորությանը` Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ, նշելով, որ սա աննախադեպ երևույթ է ոչ միայն հայկական, այլև համաշխարհային դատական պրակտիկայում, որ երկու նախագահ երաշխավորում են մյուս նախագահի համար:

«Եթե դատավորը կալանքը չվերացնի ու անձնական երաշխավորությունը չկիրառի, սա նշանակում է, որ անձնական երաշխավորությունը ֆիկտիվ բնույթ է կրում: Ո՞վ պետք է երաշխավորի այդ դեպքում»,- նշեց Արամ Օրբելյանը:

Պաշտպանական կողմը դատարանից ակնկալում է կալանքի վերացում:

Մայիսի 16-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով խափանման միջոցի հարցի քննությունն ավարտվեց: Որոշումը կհրապարակվի մայիսի 18-ին ժամը 16:00-ին:

Համաձայն Datalex տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Մայիսի 14-ի դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը ներկայացրել էր Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։ Նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանն ասել էր, որ երաշխավորության քննման համար պետք է ապահովել նրանց ներկայությունը: Մայիսի 15-ի դատական նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին խնդրեց պայմաններ ապահովել, որպեսզի Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը մայիսի 17-ին օրվա երկրորդ կեսին ներկա լինեն դատական նիստին: Այդուհանդերձ, դատավորը Դավիթ Գրիգորյանը խնդրեց Արցախի ներկա և նախկին նախագահներին տեղյակ պահել, որ հնարավորության դեպքում մայիսի 16-ին ներկայանան դատական նիստին, որովհետև արդեն մայիսի 17-ին հաջորդում են ոչ աշխատանքային օրեր:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը մայիսի 7-ին դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Դատախազությունը պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետևաբար նախագահների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է իրենց լիազորությունների տիրույթից:

Մայիսի 16-ին Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում վերահաստատեցին իրենց կողմից ներկայացված անձնական երաշխավորությունը` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]