Եգիպտոսի նախագահը համաներում Է շնորհել 560 կալանավորների
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին հրամանագիր Է հրապարակել 560 կալանավորների, այդ թվում՝ հայտնի լրագրող Աբդել Խալիմ Ղանդիլի համաներման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է ՄԵՆԱ եգիպտական լրատվական գործակալությունը: Հրամանագրի համաձայն, «կալանավորներն ազատվում են դատավճռին համապատասխան նշանակված ամբողջ պատժաժամկետի կամ դրա մնացած մասի կրումից»:
Հրամանագիրը մայիսի 17-ին հրապարակվել Է պաշտոնական թերթում, ինչից հետո ուժի մեջ Է մտել: Համաներմամբ ազատված լրագրող Աբդել Խալիմ Ղանդիլը «Սաութ ալ Ումմա» ընդդիմադիր հրատարակության գլխավոր խմբագիրն Էր: 2017 թվականի դեկտեմբերին նա երեք տարվա բանտային կալանքի դատապարտվեց դատավորին վիրավորելու մեղադրանքով:
Նրա հետ միասին դատական կորպուսին վիրավորելու գործով տարբեր ժամկետներով ազատազրկման դատապարտվեցին երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության 17 բարձրաստիճան ներկայացուցիչներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում